1000х90.jpg (78 KB)

Սևակ Արամազդի նոր գրքի կենտրոնում սերն է` աստվածային և մարդկային միաձույլ կերպարում

Armenpress 10:52, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, արձակագիր Սևակ Արամազդը (Հովհաննիսյան) նոր գիրք է հրատարակել: «Արեւի լեռը» վեպը, հեղինակի բնորոշմամբ, մանկության կյանքի մի հուզիչ պատմություն է, որի կենտրոնում սերն է՝ իր աստվածային և մարդկային միաձույլ կերպարի մեջ՝ ոչ միայն իբրև խիստ մտերմիկ-անձնական զգացմունք ու կենսական սևեռակետ, այլև իբրև աշխարհընկալման իմացական համակարգ։ Վեպի հերոսը՝ Արեգը, բանաստեղծ է, ինչը նաեւ բնականորեն կանխորոշել է ինչպես ստեղծագործության կառուցվածքը, այնպես էլ հեղինակային ոճն ու ասելիքը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սևակ Արամազդը նշեց, որ վեպն ավարտել է դեռ 2010 թվականին: «Ստեղծագործությունը նվիրված է մանկությանը, սակայն, իհարկե, մանկական գիրք չէ: Պետք է ասեմ, որ մանկության կյանքը շատ բարդ է: Վեպն, ինչպես բոլոր գրական ստեղծագործությունները, հիմնված է հեղինակի մանկության կենսափորձի վրա: Մանկության իմ հուշերը, ընկալումները վառ են տպավորված իմ մեջ, կազմում են իմ հոգևոր կյանքի զգալի մասը, դրանք ինձ հանգիստ չէին տալիս. ես այլևս նման ապրումներ, զգացումներ չեմ ունեցել: Մտածեցի, որ այդ զգացողությունները որոշակի արժեք են ներկայացնում, և պետք է անպայման դրանք մարմնավորել»,-նշեց Սևակ Արամազդը: 

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը՝ 500 օրինակ տպաքանակով: «Մեր օրերի համար բավարար տպաքանակ է: Ստեղծագործությունը դասական ուղղագրությամբ է գրվել: Գիտեմ, որ Հայաստանում հիմա այն մեծ դիմադրության է հանդիպում»,-հավելելեց նա:

Սևակ Հովհաննիսյանը խոստովանում է՝ Արամազդ գրական անունը ստանձնել է 2000 թվականից հետո, երբ իրեն համարել է այդ անվանն արժանի: «Երբ փոքր էի, ուզում էի, որ անունս Արամազդ լինի, բայց զգացի, որ դա ինձնից շատ հեռու է և բարձր: 2000-ական թվականներին հասկացա, որ ես և իմ գրական անունը մոտեցել ենք իրար և կարող ենք նույնանալ: Սա արդեն իմ ութերորդ գիրքն է, մինչ այդ մի շարք այլ գրքեր եմ հրատարակել»,-հավելեց հեղինակը:

Սևակ Արամազդի ստեղծագործություններից «Արմեն» վեպը ռուսերեն թարգմանվելուց հետո հատկապես մեծ ճանաչում և սեր վայելեց Ռուսաստանում: «Արեւի լեռն» էլ հավանաբար կթարգմանվի և կներկայացվի ռուս ընթերցողի դատին:

Սևակ Արամազդը խոստովանում է՝ ընթերցում է տարբեր գրողների տարբեր ստեղծագործություններ: «Առհասարակ ինձ շատ են հետաքրքրում բնագիտական գրականությունը, իմաստասիրությունը և այլն»,-հավելեց նա:

Գրողը կարդում է նաև հայ ժամանակակից գրողների գործերը և ցավով փաստում, որ արդի հայ գրականությունը ստեղծվում է արևմտյան գրականության նմանողությամբ, և հայ գրողի անհատականությունն այդքան ցայտուն չի դրսևորվում: «Հայ գրականությունը պետք է ձերբազատվի աշակերտ կամ հետևորդ լինելու բարդույթից, հայ գրողները պետք է հասկանան, որ արևմտյան տենչալի հեղինակներն իրենց պես սովորական մարդիկ են, որոնք որևէ արտակարգ մեծագործություն լույս աշխարհ չեն բերում: Պետք չէ սևեռվել միայն այդ գրականության վրա եւ բարդույթավորվել. ի վերջո, աշխարհն ունի չորս ծագեր, իսկ Հայաստանն էլ գտնվում է Հայկական լեռնաշխարհում»,- ժպիտով ավելացնում է նա:

Սևակ Արամազդը ծնվել է 1961 թվականին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Մայնի Ֆրանկֆուրտի Վ. Գյոթեի անվան  համալսարաններում ուսանել է գերմանագիտություն և փիլիսոփայություն: Մի շարք գրքերի հեղինակ է: Այժմ բնակվում է Գերմանիայում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am