ԵՄ-ի աջակցությամբ հայ երիտասարդ դիվանագետները վերապատարստվել են Եվրոպայի դիվանագիտական կենտրոններում

Armenpress 15:56, 26 Նոյեմբեր, 2014

 ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս հայ երիտասարդ դիվանագետ երկամսյա պրակտիկա են անցել Բրյուսելի, Ստրասբուրգի, Վիեննայի և Ժնևի եվրոպական ու միջազգային հաստատություններում և Հայաստանի դիվանագիտական առաքելություններում: Վարչական և կառուցվածքային կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակում Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտները ԵՄ-ից ստացել են կրթաթոշակ:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայաստանում գործող ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնից, դիվանագետների վերադարձն ազդարարել է «Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողություների ամրապնդմանը» ծրագրի շրջանակում իրականացվող 2014թ. համար գործողությունների ավարտը:

ԵՄ-ի ֆինանսավորմամբ վերոնշյալ ծրագիրը մեկնարկել է 2013թ. մայիսին: Ծրագիրն ունի երկու տարվա տևողություն և աջակցում է դպրոցի գործունեությանը, խորհրդատվություն է տրամադրում կառույցի ապագայի վերաբերյալ ռազմավարության մշակման հարցում, ինչպես նաև աջակցում է կրթական ծրագրերի զարգացմանն ու միջին օղակի դիվավանագետների վերապատրաստմանը: ԵՄ ֆինանսավորումը կազմում է 895,500 եվրո: 2014թ. փետրվար և նոյեմբեր ամիսներին ծրագրի շրջանակում 23 արտասահմանցի դասախոս է այցելել Դիվանագիտական դպրոց: Նրանք ընդհանուր առմամբ 450 ժամ տևողությամբ դասախոսություններ են կարդացել դիվանագիտական ծառայության համար նախապատրաստվող միջին օղակի վերապատրաստման ծրագրի շրջանակում դիվանագետ դառնալու ցանկություն ունեցող ուսանողների համար:

Հուլիսին ծրագիրը ֆինանսավորել է Դիվանագիտական դպրոցի խմբի մեկշաբաթյա այցելությունը Լոնդոն, որտեղ խումբը մասնակցել է դիվանագետների համար հատուկ մշակված անգլերեն լեզվի դասընթացին, որը նաև դասավանդվելու է 2015թ. դպրոցում: Սեպտեմբերին՝ ծրագրի երկրորդ տարվա ընթացքում, Դիվանագիտական դպրոցի ուսանողները ուսումնական այցով մեկնել են Բրյուսել և Վիեննա, ինչը խորհրդանշում է Դիվանագիտական դպրոցի և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջև հաջողված համագործակցությունը: Հայաստանի Դիվանագիտական դպրոցը հիմնվել է 2010-ին` ապագա և ծառայող դիվանագետների, ինչպես նաև կառավարական գործակալությունների արտաքին հարաբերությունների ստորաբաժանումներում աշխատող անձնակազմի վերապատրաստման նպատակով: Դպրոցը նախորդ տարիներին հաջողությամբ կատարել է այդ դերը`Արտաքին գործերի նախարարության և միջազգային դոնորների, ներառյալ Եվրոպական միության և ԵԱՀԿ-ի ուղղակի աջակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am