Հայաստան վերադառնալ ցանկացողների համար գործարկվեց «Տունդարձ» տեղեկատվական համակարգը

Armenpress 12:26, 20 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա պետություններից Հայաստան վերադարձի մտադրություն ունեցող քաղաքացիներն այսուհետ կարող են ստանալ հայրենադարձությանը վերաբերող բոլոր հարցերի պատասխանները  մինչ Հայաստան հասնելը: Նրանց համար գործարկվել է  «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգը, որը  հնարավորություն է ստեղծում օգտակար տեղեկատվություն ստանալ ինչպես վերադարձի և վերաինտեգրման գործընթացների մասին, այլնպես էլ հետադարձ կապի մեխանզմով հարցեր ուղղել Հայաստանի պետական մարմիններին:

Համակարգի շնորհանդեսի ընթացքում ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ տարբեր ծրագրերի շրջանակում վերջին տարիներին Հայաստան է վերադարձել առնվազն 2 հազար անձ և ընդգծեց, որ այս համակարգը թույլ կտա ավելացնել նրանց թիվը: «Հայաստան վերադառնալ ցանկացողները հաճախ դժվարություններ են ունենում վերադարձի ճանապարհին, քանի որ լավ իրազեկված չեն և չգիտեն ինչպես կարգավորել ինչ-ինչ հարցեր: Այս համակարգի միջոցով նրանք կարող են մինչ վերադարձը ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանը և խուսափել շատ խնդիրներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Եգանյանի խոսքով` համակարգից տեղեկատվություն կարելի է ստանալ 3 մակարդակների միջոցով: «Առաջին մակարդակում տեղեկություննները զետեղված են վերադրաձի հետ կապված ոլորտային 15 բաժիններում, որտեղ յուրաքանչյուր գերատեսչություն մշակում և տեղադրում է իր ոլորտի վերաբերյալ տեղեկատվությունը: Այստեղ տեղեկատվությունը տեղադրվածէ  հանրամատչելի ձևով, իսկ եթե անձը այս մակարդակում չի ստանում համապատասխան տեղեկատվությունը, ապա անցնում է հաջորդ մակարդակ: Երկրորդ մակարդակից օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ միայն համակարգում գրանցվելուց հետ: Այստեղ օգտատերը կարող է էլեկտրոնային եղանակով հարցեր ուղղել համապատասխան պետական մարնիններին, հետևել դրանց ընթացքին և ստանալ հարցերի պատասխանը»,- ասաց Միգրացիոն ծառայության պետը:

Գագիկ Եգանյանն ընդգծեց, որ եթե երկրորդ մակարդակում ևս քաղաքացին չի ստացել անհրաժեշտ տեղեկավությունը, ապա կարող է երրորդ մակարդակում տեսակապի միջոցով անձամբ զրուցել տվյալ պաշտոնյայի հետ: «Դա արված է հանդիպման մթնոլորտը պահպանելու համար: Այսինքն` եթե այդ քաղաքացին լիներ Երևանում, կարող էր դիմել նախարարություն` պաշտոնյայի հետ հանդիպման խնդրանքով, սակայն  Հայաստանից հեռու գտնվելու պատճառով չունի այդ հնարավորությունը: Համակարգը նրանց ընձեռում է այդ հնարավորությունը»,- ասաց նա:

Համակարգը քաղաքացիներին հասանելի է www.tundarc.am ինտերնետային հասցեում: Համակարգի սպասարկման նպատակով  Միգրացիոն պետական ծառայությունում վերապատրաստվել են 12 պատասխանատուներ: «Տունդարձ»-ի ստեղծման որոշումը Կառավարությունը կայացրել էր սեպտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am