«Սվետլանա Գրիգորյան» ժողովածու-ալբոմը ներկայացվել է հանրությանը

Armenpress 16:35, 15 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարով  հրատարակված «Սվետլանա Գրիգորյան» ժողովածու-ալբոմի շնորհանդեսը: Վաստակաշատ դերասանուհու, հանրապետության ժողովրդական արտիստի կյանքն ու գործը ներկայացնող գիրքը լույս է տեսել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մեկենասությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, շնորհադեսը գնահատանքի ու երախտագիտության խոսքով բացել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

Սվետլանա Գրիգորյանի թատերական վաստակն ու Սերգեյ Առաքելյանի աշխատությունը արժեվորել են ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը:

Գրքի մտահղացման ու կայացման ընթացքի մասին պատմել և աշխատակցողներին իր երախտագիտությունն է հայտնել հեղինակը՝ Սերգեյ Առաքելյանը:

Վլադիմիր Գասպարյանը կարևորել է թատրոնի դերն ու նշանակությունը մշակութային կյանքում և թատրոնին նվիրել ոստիկանության զինանշանը:

Սվետլանա Գրիգորյանի՝  հրաշալի դերասանի և անզուգական մարդու հուշ-երեկոյի վերածված շնորհանդեսն ամփոփվել է «Կարինե» օպերետի ցուցադրությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am