Հադրութն ու ԱՄՆ Բըրբանք քաղաքը դարձել են բարեկամներ

Armenpress 13:18, 14 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն հռչակագիր է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ քաղաքի հետ բարեկամական կապեր հաստատելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հռչակագրում նշվում է, որ Հադրութի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայական դժվարությունների հանդեպ։

Բըրբանքի քաղաքային խորհուրդը ընդգծում է, որ արդեն քսան տարուց ավելի ԼՂՀ-ն, ելնելով իր քաղաքացիների շահերից, անկախ պետություն է և ջանքեր է գործադրում կովկասյան տարածաշրջանի զարգացման և այնտեղ կայունության հաստատման համար, ինչպես նաև անցկացնում է ազատ, արդար ընտրություններ և հանրաքվեներ, որոնք օրինակելի են ճանաչված տարածաշրջանի համար։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am