Գյումրիում մեկնարկեց InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումը

Armenpress 18:07, 8 Նոյեմբեր, 2014

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում  առաջին անգամ նոյեմբերի 8-ին մեկնարկեց InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումը, որի շրջանակներում  երկու օրերի ընթացքում կիրականացվեն տեխնոլոգիական՝ «ՀեքթոնՅԱՆ Գյումրի 2014» և «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» մրցույթները: Այս երկու օրերի ընթացքում կանցկացվեն նաև  ArmenianFTW տեխնոլոգիական ձեռնարկություններին առնչվող սեմինարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հանրային լրագրության ակումբ  հասարակական կազմակերպության ղեկավար  Սեդա Մուրադյանը միջոցառման նպատակն է ոգեշնչել ՏՏ մասնագետներին և երիտասարդ ձեռներեցներին զարգացնել ստեղծարար միտքը, բացահայտել նորարար գաղափարները և ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել սկսնակ երիտասարդ ձեռներեցների, ոլորտի փորձագետների  և ներդրողների միջև:  

ՀեքթոնՅԱՆ Գյումրի 2014-ի նպատակն է կազմակերպել նորարարության և ծրագրավորման փառատոն, որտեղ թիմերը  կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող լուծման  տարբերակները: Ակնկալվում է, որ     մրցույթին կներկայացվի շուրջ 60 նախագիծ:

ArmenianFTW  ձեռներեցության ֆորումն իր մեջ ներառում է սեմինարների  շարք, որոնք անցկացնում են ամերիկյան, բրիտանական, գերմանական, բուլղարական  և ուկրանինական վենչուրային հիմնադրամների ներկայացուցիները և ներդրողները: Այս միջոցառման շրջանակներում կներկայացվեն  ավելի քան 15 սթարթափ նախագծեր, որոնք հնարավորություն կունենան  հաջողության դեպքում ներգրավվել ներդրումներ սկզբնական փուլի համար: Իսկ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» մրցույթի մասնակից երիտասարդ ձեռներեցների խմբերը կաշխատեն համատեղ գաղափարների շուրջ: Լավագույն 10 գաղափար նոյեմբերի 9-ին կներկայացվի ժյուրիի դատին: Այս ընթացքում բոլոր մասնակիցները հնարավություն ունեն հաղորդակցվելու և կապեր ստեղծելու տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտների ակնառու ներկայացուցիչների հետ:

InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումի կազմակերպիչներն են Մայքրոսոֆթ  ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը:InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումն ունի բազմաթիվ համակազմակերպիչներ այդ թվում ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը,Մայքրոսոֆթ Արէյ ընկերությունը, Գյումրու տեխնոլոգիակն կենտրոնը և այլն:

Ֆորումը կամփոփվի նոյեմբերի 9-ին՝ հանդիսավոր արարողությամբ և մրցանակաբաշխությամբ:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am