Առլեն Շահվերդյանի ստեղծագործությունները փորձում են վերականգնել մարդու ու բնության խզված կապը

Armenpress 12:01, 20 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան գրախանութներում ակնառու է արդի հայ գրողների աշխատանքների ավելացումը: Դրանցից շատերը պատկանում են երիտասարդ տաղանդավոր գրողների, սակայն հազվադեպ կարելի է հանդիպել վայրի բնությանը նվիրված աշխատանք: Երիտասարդ ստեղծագործող, բլոգեր Առլեն Շահվերդյանի «Լռության գինը» վերնագրված նոր` բնաճանաչողական, բնապահպանական եւ պատմամշակութային գիրքը` գեղարվեստական մատուցմամբ, նվիրված է կովկասյան ընձառյուծի պահպանության խնդրին: Սա երիտասարդ գրողի վեցերորդ գիրքն է: Առլենի համար ներշնչանքի աղբյուր են մարդ-բնություն փոխհարաբերություները: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Առլեն Շահվերդյանի հետ:

-Ձեր նոր գիրքը, որը նվիրված է կովկասյան ընձառյուծին, վեռնագրված է «Լռության գինը»: Ինչո՞ւ «լռություն» եւ ի՞նչ գին ենք վճարում այդ լռության համար այն դեպքում, երբ այսօր այդքան կարևոր է բարձրաձայնել առկա խնդիրների մասին և ոչ թե լռել:

-Վերնագիրն ինքնին խոսուն է, որովհետև գրքում գերիշխող է այն միտքը, որ շատ երևույթների նկատմամբ մեր լռության գինը հաճախ լինում է այս կամ այն կենդանատեսակի անհետացումը կամ մեկ ամբողջական էկոհամակարգի վերացումը: «Լռության գինը» վերնագիրն ընտրելիս ես փորձել եմ ընդգծել այն հանգամանքը, որ բնապահպանական խնդիրներից շատերը հաճախ պահանջում են այնպիսի ուշադրություն ու հոգածություն, որ հակառակ պարագայում մենք հնարավոր է իսպառ կորցնենք որևէ կենդանատեսակ: Տվյալ պարագայում կովկասյան ընձառյուծը որպես սիմպտոմատիկ օրինակ է, որովհետև մեր բնաշխարհում, կովկասյան ընձառյուծից բացի, շատ կենդանատեսակներ կան, որոնք, իհարկե, ունեն հոգածության կարիք: Տվյալ դեպքում նաև նույն վերաբերմուքն է պատմամշակութային ժառանգության նկատմամբ:

-Հաշվի առնելով, որ ձեր նախորդ երկու գրքերն էլ էին նվիրված կատվազգիներին, ինչո՞ւ ընտրեցիք հենց ընձառյուծին:

-Դեռ փոքր տարիքից մեծ սեր ունեմ կենդանական աշխարհի նկատմամբ և առավելապես խոշոր կատուների, սա այն ոլորտն է, որտեղ բազմամյա ուսումնասիրությունների արդյուքում ծնվել են երկու գրքեր: Ըտրությունը կանգ առավ կովկասյան ընձառյուծի վրա` «WWF-Հայաստանի» կովկասյան ընձառյուծի պահպանման աշխատանքների առավել ընդգծման համար, և այս գիրքը նրանց հետ համագործակցության արգասիք դարձավ: Վերջին տասնամյակում չեմ հանդիպել բնությանը նվիրված գեղարվեստական գրքերի հրատարակությունների: Եվ այս գիրքը հետաքրքիր մոտեցում էր` գեղարվեստական սյուժեի մատուցման և այս կենդանատեսակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների համադրմամբ:

-Փաստորեն Ձեր սերը կատվազգիների նկատմամբ չի սահմանափակվել վերոհիշյալ գրքերով, դուք նաև ստեղծել եք մանկական հեքիաթ` Լեո անունով զատիկի մասին: Ի՞նչ խորհուրդ կա այդ հեքիաթի մեջ:

-Հեքիաթում յուրաքանչյուր միջատի անվանումը, նրա ապրելակերպն ու կենսակերպը նկարագրված է գիտական ճշտությամբ, սակայն երեխաներին մատչելի ոճով: Քանի որ գիրքը ունի բնաճանաչողական հատկություն,  երեխան կկարողանա  ճիշտ տեղեկանալ կենդանիների մասին: Ես իմ բոլոր մանկական հեքիաթներում և վիպակներում փորձում եմ բնության և կենդանիների միջոցով արտահայտել որոշ երևույթներ, որոնք առկա են մարդկանց աշխարհում և փորձում եմ ասելիքը փոխանցել այնպես, որ այն ուսանելի լինի երեխաներին: Ինչու էր զատիկը փորձում գտնել իրեն՝ դա մի հետաքրքիր արկածներով լի վիպակ է, որտեղ, ի դեմս կենդանիների, փորձել եմ ներկայացնել այն, որ մարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա և որքան ուժ ու եռանդ է անհրաժեշտ յուրաքանչյուր մարդու` ձեռքբերում ունենալու համար: Զատիկին անվանել եմ Լեո, որի անունը գալիս է լեոպարդից, ինչը նշանակում է բծավոր, իսկ զատիկն ինքն էլ է բծավոր:

-Դուք նկատեցիք, որ վերջին տասնամյակում քիչ են տպագրվել բնությանը նվիրված գեղարվեստական աշխատություններ, Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը:

-Մեծանուն Վախթանգ Անանյանից հետո վերջին տասնամյակներում բնությունը գեղագիտորեն ընկալելու և գեղարվեստորեն արտահայտելու օրինակներ ըստ էության չկան: Վերջին տասնամյակների ընթացքում թուլացել է մարդու ու բնության կապը, երբեմն նաև խզվել: Այսօր մարդիկ, շատ այլ խնդիրներով զբաղված լինելով կամ շատ այլ երևույթների ու խնդիրների վրա կենտրոնանալով, բնության նկատմամբ վերաբերմունքը մղել են հետին պլան: Դա մենք տեսնում ենք ամեն օր` շրջակա միջավայրի նկատմամբ մեր համերկրացիների վերաբերմունքից: Իմ գրքում նշել եմ, որ դա մարդ-բնություն ներդաշնակ հարաբերությունների խզումն է:

-Ձեր բլոգում դիտելով տպագրված և տպագրությանը պատրաստվող գրքերի ցանկը` աչքի է զարնում «Գարնանային ռեքվիեմ» անվանումով գիրքը: Ինչո՞ւ այդքան իրարամերժ հասկացություններով վերնագիր:

-«Գարնանային ռեքվիեմը» մի պատմվածք է, որը տեղ է գտել պատմվածքների համանուն ժողովածուի մեջ: Այնտեղ մանրամասն խոսվում է երկու պարադոքսալ երևույթների համադրման մասին: Այդ պատմվածքում, համադրելով կյանքի զարթոնքի և մայրամուտի հասկացությունները, փորձել եմ ցույց տալ, որ յուրաքանչյուր տխրության մեջ ավարտուն բան կա, որը բերում է նոր սկզբի, և յուրաքանչկուր սկիզբ ունի ավարտ: Փորձել եմ ցույց տալ այն փխրուն փոխհարաբերությունը, որն առկա է դրանց միջև:

Հարցազրույցը` Անահիտ Մինասյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am