Հայաստանը նշեց Զբոսաշրջության միջազգային օրը

Armenpress 20:33, 6 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը միացավ Զբոսաշրջության միջացգային օրվա տոնական միջոցառումներին։ Երևանի երկաթգծի կայարանում հավաքվել էին ոլորտի ակնառու ներկայացուցիչներն ու պետական կառույցների ղեկավարներ՝ ամփոփելու զբոսաշրջային տարին և շնորհավորելու տուրիզմի բնագավառի աշխատակիցներին։

Տոնական միջոցառմանը միացած էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսության մեջ զբոսաշրջությունն ունի իր անփոխարինելի տեղը և վստահեցրեց, որ Կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահելու ոլորտը։ «Երբ զբոսաշրջությունը հայտարարվեց տնտեսության գերակա ճյուղ, ոլորտի նվիրյալները լծվեցին այն զարգացնելու գործին։ Ներկայումս էլ միշտապես կարևորվելում են  այն  նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանը և Հայաստանի մարզերը զարգացնելուն։ Շեշտադրումը պետք է արվի մի քանի ուղղություններով։ Առաջին հերթին պետք է զարգացնել այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են ոլորտի զարգացման համար։ Օրն ի բուն պետք է աշխատել, որ Հայաստանը դառնա ճանաչելի և ներկայանալի, իսկ Կառավարությունն զբոսաշրջության ոլորտը պահելու է իր ուշադրության կենտրոնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը։

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը ևս շնորհավորեց զբոսաշրջության բնագավառի աշխատողներին՝ նշելով, որ նրանց ամենօրյա աշխատանքի շնորհիվ է ոլորտը կայուն աճ գրանցում։ «Հայաստանը վերջին տարիների ընթացքում մի քանի կարևոր քայլ կատարեց, որոնք նպաստեցին զբոսաշրջության զարգացմանը։ Առաջին հերթին, նախորդ տարի Հայաստանը հայտարարեց «բաց երկնքի քաղաքականության» մասին, որից հետո ավելացավ Հայաստան եկող զբոսաշրջիկների հոսքը։ Հաջորդ կարևոր իրադարձությունը Դիլիջանի միջազգային դպրոցի բացումն էր, որը կրթելու է բարի կամքի դեսպանների մի ողջ բանակ և ուղարկելու կյանք։ Երրորդ կարևոր քայլը Հայաստանի բրենդի ստեղծումն է։  Պետք է շեշտեմ, որ սպասումներն այստեղ բավականին մեծ են, և համոզված եմ, որ նոր բրենդը կնպաստի Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը»,- ասաց նա։

Միջոցառման շրջանակներում զբոսաշրջության ոլորտը ներկայացնող և ոլորտին առնչվող մի շարք հաստատություններ և նվիրյալներ բնագավառում նշանակալից ներդրումների և ձեռքբերումների համար պարգևատրվեցին մեդալներով։ Տոնական միջոցառման ավարտին երկաթգծի կայարան ժամանեց տոնական գնացքը, որն իր հետ էր բերել տարբեր ազգությունների պարային խմբերի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am