Հայաստանը եզդիների համար ամենաանվտանգ վայրն է. եզդի գործիչ

Armenpress 14:32, 6 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն ամենաանվտանգ վայրն է եզդիների բնակության համար: Սպետեմբերի 6-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը: «Ամենաապահով տարածքն է եզդիների համար Հայաստանի Հանրապետությունը, քանի որ մեր ազգաբնակչության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել. գիր-գրականություն, մշակույթ: Հայաստանի Հանրապետությունը ինքնակամ եզդիներին ճանաչել է որպես առանձին ազգություն:

2011 թվականի մարդահամարի տվյալներով` 35 հազար 850 եզդի է ապրում Հայաստանում»,-ասաց Սիաբանդ Բաքոյանը: Բանախոսը նաև խորհուրդ տվեց այն եզդիներին, ովքեր կլքեն իրենց բնակավայրն ու կցանկանան գնալ Թուրքիա, ավելի լավ է գան Հայաստան: «Թուրքիայում էլ հետագայում ստիպելու են մահմեդականցվել, իսկ Հայաստանում այդպիսի խնդրի առջև չեն կանգնի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` շեշտեց Սիաբանդ Բաքոյանը:

Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն էլ հայտնեց, որ մոտ 2000 անձի կամ 200 ընտանիքի` Հայաստան տեղափոխվելու հարցն է քննարկվում: «Հայաստանի կառավարությունը պետք է քննարկի, թե որքան եզդի կարող է ընդունել Հայաստանում: Մենք հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի տարբեր գյուղերում ապրող մեր եզդիների հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող են իր տուն ընդունել մեկ-երկու ընտանիքի»,-ասաց Ազիզ Թամոյանը` շեշտելով, որ հազարավոր եզդի ընտանիքներ են ցանկանում գալ Հայաստան, բայց պետք է նայել մեր պետության հնարավորություններին:

Ազիզ Թամոյանին մտահոգում է այն, որ 21-րդ դարում մարդկանց բնաջնջում են իրենց հայրենիքում, իսկ գերտերությունները լռում են: «21-րդ դարում մեկ ամսից ավելի է մարդիկ սովամահ են լինում, ինչու են գերտերությունները լռում: Սարսափելի է, որ 2300 կին գերության մեջ է, նրանց վարկաբեկում են, բռնաբարում, 300 հոգի էլ ստրկության է վաճառվել, սա որ ժամանակաշրջանն է, որ կինը ստրուկ դառնա:  Ծայրահեղ իսլամիստների միակ նպատակը Հյուսիսյանին Իրաքն առանց եզդիների տեսնելն ու այնտեղ իսլամիստական պետություն ստեղծելն է»,-նշեց Ազիզ Թամոյանը:

Օգոստոսի սկզբի տվյալներով` Իրաքում ահաբեկիչների գործողությունների հետեւանքով փախստական եզդիների թիվն անցնում է 200 հազարից: 100 հազար եզդի ապաստանել է լեռներում՝ շրջապատված ահաբեկիչներով՝ մատնված սովի և ծարավի: Ընդհանուր առմամբ` զոհերի թիվը հասնում է 5000-ի, 60 երեխա մահացել է սովից և ծարավից՝ չհաշված այն, որ օգոստոսի 8-ի տվյալներով` 45 կանայք և աղջիկներ ինքնասպանություն են գործել՝ ահաբեկիչների ձեռքը չընկնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am