1000х90.jpg (78 KB)

Հրանտ Մելիք-Շահնազարյանն արձագանքել է ադրբեջանական հոխորտանքներին. «Ջրերը չեն կարող դաշտավայրից լեռներ հոսել»

Armenpress 19:56, 7 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի ԱԻՆ ստորաբաժանումներին ցանկանում են մոբիլիզացնել սահմանին զինվորական ծառայության անցնելու համար: Երիցյանին ի պատասխան` ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ Ադրբեջանը զգուշանում է Մինգեչաուրի ջրամբարի ուղղությամբ հայկական կողմի գործողություններից:

Հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարի այս խսոքերն իսկական խուճապ են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում: Այնտեղ վստահ են, որ իրավիճակի հետագա սրման դեպքում հայկական կողմը պատրաստվում է պայթեցնել Մինգեչաուրի ջրամբարը:

«Եթե, Աստված չանի, հայերն իրականացնեն Մինգեչաուրի ջրամբարի հետ կապված իրենց սպառնալիքները, ապա Արանի ողջ տարածքը, ընդհուպ մինչև Բաքու, կարող է ջրի տակ հայտնվել», - տեղի լրատվամիջոցներից մեկին ասել է Ադրբեջանի Էկոլոգիական կանխատեսումների ազգային կենտրոնի տնօրեն Թելման Զեյնալովը: Վերջինս նաև ավելացրել է, որ ջրամբարի պայթեցման դեպքում կջրասուզվի նաև Լեռնային Ղարաբաղի մեծ մասը: «Այնտեղ մեկ միլլիարդ կուբամետրից ավել ջուր կա, և դա կարող է բերել աննախադեպ աղետի, ջուրը կհերիքի բոլորին», - ասել է Զեյնալովը:

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի խուճապային տրամադրություները՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի Էկոլոգիական կանխատեսումների ազգային կենտրոնի տնօրենի խոսքերը ծիծաղելի են: «Շատ խելք պետք չէ ունենալ, «կանխատեսելու», թե որտեղ կարող է հոսել Մինգեչաուրի ջրամբարի ջուրը: Ջրերը չեն կարող դաշտավայրից լեռներ հոսել: Ֆիզիկայի օրենքներն են այդպիսին: Հարկ է, որ կանխատեսումների կենտրոնների ղեկավարներն այդ պարզ ճշմարտությունները գոնե իմանան», -ասել է Մելիք-Շահնազարյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանում բոլորին է հայտնի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ պատերազմ հրահրելն իրենց երկրի համար: «Այնպես որ կանխատեսումներով և գուշակություններով զբաղվելու փոխարեն հրաժարվեն իրենց սադրիչ, հայատյաց քաղաքականությունից», - ասել է փորձագետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am