Ադրբեջանական բանակը եւս մեկ սպա է կորցրել

Armenpress 18:03, 5 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակը մարտական կորուստների հետ ոչ մարտական կորուստներ էլ է կրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով modern.az լրատվական կայքը, մահացել է երեկ ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով հիվանդությունը բուժելու համար օգնություն խնդրած ադրբեջանական բանակի մայոր Ռաշիդ Մամեդովը:

2013 թվականի սեպտեմբերից հայտնի դարձած առողջական խնդրի հետ կապված բուժում է անցել Բաքվի զինվորական հոսպիտալում: Նրան այնտեղ ախտորոշել են քաղցկեղ եւ ուղարկել բուժման Թուրքիայի Գյուլհանե զինվորական հոսպիտալ: Բուժման կուրսը չավարտված` հատկացված ֆինանսական միջոցները սպառվելուց հետո նա հետ է կանչվել: Հանգուցյալի մայրը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ չնայած բուժման կուրսը պետք է ավարտին հասցվեր եւ մեկ ամիս ընդմիջումից հետո նա ճառագայթահարման փուլ անցներ, ադրբեջանական կողմը չփոխանցեց ֆինանսավորումը:

Կայքը հայտնում է, որ Մամեդովների ընտանիքը վարձով բնակարանում է բնակվում Գյոգյոլում, ինչի պատճառով նրան որոշել է հուղարկավորել Աբլահ գյուղում:

Ռաշիդ Մամեդովը 7 տարեկան անչափահաս որդի ունի: Նա կյանքի 20 տարին ծառայել է Ադրբեջանի զինված ուժերում եւ ծառայության 80 տոկոս ժամանակն անցկացրել է առաջին գծում: Ադրբեջանի բանակի միլիարդավոր դոլարների հասնող բյուջեի մասին խոսող այդ երկրի ղեկավարությունը ֆինանսական միջոց չունի ամբողջ կյանքը երկրի պաշտպանությանն ու բանակում ծառայությանը նվիրած երիտասարդ սպայի բուժման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am