Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում հիմնվելու է 40 հեկտար ծիրանի այգի

Armenpress 12:54, 31 Հուլիս, 2014

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղապետարանի նախաձեռնությամբ գյուղի տարածքում ծրագրվել է հիմնել 40 հեկտար ծիրանի այգի, որը տնկվելու է Սեւանա լճից ազատված աղակալված եւ անօգտագործելի հողերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը, այգին կհիմնվի մասնավոր ներդրումների հաշվին, որի համար կպահանջվի մինչեւ 300 միլիոն դրամ: Գյուղապետարանի կողմից նախնական եւ հատուկ փորձ է կատարվել, որը տեւել է վեց տարի եւ տվել սպասվող բարձր արդյունքը: Սեւանի ջրերից ազատված տարածքում վեց տարի առաջ տնկվել են մի քանի ծիրանի ծառեր, որոնք մինչեւ այժմ կենսունակ են եւ ապահովել են բարձր բերքատվություն, ինչն էլ նախաձեռնության հեղինակներին համոզել է, որ այգու ստեղծումն ունենալու է բարձր շահավետություն թե տնտեսական, թե բնապահպանական տեսանկյունից: Այստեղ կարող է բացվել մինչեւ 15 աշխատատեղ, տարեկան արտադրվել մինչեւ 800 տոննա ծիրանի բերք:

Այգին հիմնվելու է ծովի մակարդակից 1920 մետր բարձրության վրա գտնվող հողերում: Ասել է, թե բարձրացող Սեւանա լիճը չի կարող ջրածածկման վտանգ ստեղծել այգու համար: Այգին կոռոգվի խորքային հորից սնվող ոռոգման համակարգի միջոցով:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am