1000х90.jpg (78 KB)

Ռաֆայել Աթոյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում

Armenpress 11:51, 16 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրեզնոյում վախճանված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, դերասան Ռաֆայել Աթոյանի աճյունն ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անվանի նկարչին վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միությունում` հուլիսի 16-ին` ժամը 12:00-14:00-ն, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Ռաֆայել Աթոյանը մահացել է հուլիսի 7-ին, կյանքի 84-րդ տարում:

Ռ. Աթոյանը ծնվել է 1931թ. հունվարի 31-ին` Լենինականում (Գյումրի): 1944-46թթ. սովորել է տեղի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1948-53թթ.` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1954-59թթ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում:

Ռ. Աթոյանը հեղինակել է մի շարք բնանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ: Նրա դեղնադարչնագույն կոլորիտով նկարների հենքը Շիրակի լեռնաշխարհն է` «Աղջիկները բակում» (1975թ.), «Ձիակառք ճերմակ ձիերով» (1978թ.), «Կինը և ծառը» (1978թ.), «Խնոցի» (1980թ.) և այլն:

Նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» (1987թ.), «Կարոտ» (1990թ.) կինոնկարներում: Վերջինում մարմնավորել է գլխավոր հերոս Առաքելի կերպարը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահում 2011թ. բացվել է Ռ. Աթոյանի ծննդյան 80-ամյա և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված անհատական ցուցահանդեսը, որտեղ վարպետին հանձնվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ:

Նա 1991 թվականից բնակվել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում, որտեղ և կնքել է մահկանացուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am