Կոպենհագենում բացվել է «Եվրատեսիլ-2014»-ը. մասնակիցներն անցել են կարմիր գորգի վրայով

Armenpress 10:39, 5 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014»-ի 37 պատվիրակություններ ժամանել էին Կոպենհագեն` մասնակցելու երաժշտական մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել էր քաղաքի իշխանությունների, ինչպես նաև Եվրոպական հեռարձակողների միության կողմից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական eurovision.tv կայքը, մասնակիցներն ացնել են կարմիր գորգի վրայով: Հյուրերի շարքում էր նաև Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացնող Ջոն Օլա Սանդը, (Jon Ola Sand, the Executive Supervisor), ով փորձել է բացատրել, թե ինչու է մարդկանց «խելքը գնում» «Եվրատեսիլ»-ի համար: «Ես կարծում եմ, որովհետև այն եվրոպական մրցույթ է, և տարբերվող է: Այնքան տարբեր երկրներ են մասնակցում, որ դա էլ յուրահատուկ է դարձնում մրցույթը, և հենց դա է պատճառը, որ շուրջ 180 միլիոն մարդ դիտում է այն ամեն տարի»,- ասել է նա:

«Եվրատեսիլ 2013»-ի հաղթող, Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթը խոստովանել է, որ մրցույթը փոխել է իր կյանքը: «Ինչ ես հաղթեցի մրցույթն անցալ տարի, այնքան զբաղված եմ նոր երգեր գրելով իմ երկրորդ ալբոմի համար»,- նշել է երգչուհին: «Եվրատեսիլ-2014»-ի բոլոր մասնակիցներն արդեն ժամանել են: Նրանց շարքում է նաև Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ն իր պատվիրակության հետ միասին: «Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ սիրում են իմ sympho dub step երգը»,- ասել է մեր երկրի մասնակիցը:

Արամ MP3-ն ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում` մայիսի 6-ին` առաջին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Դանիան «Եվրատեսիլը» կընդունի արդեն երրորդ անգամ: Մրցույթը կանցկացվի Կոպենհագենի "B&W" համալիրում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am