Ռումինահայերն ու սիրիացիները Բուխարեստում բողոքի ցույց են կազմակերպել Քեսաբի հարցում Թուրքիայի քայլերի դեմ

Armenpress 21:40, 9 Ապրիլ, 2014

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ապրիլի 9-ին մի շարք ռումինահայեր Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց են կազմակերպել օրեր առաջ  հայաշատ Քեսաբ քաղաքի վրա կատարված հարձակման ժամանակ Թուրքիայի ակտիվ օժանդակության և մասնակցության դեմ: Բողոքի ցույցը կազմակերպել էր Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ.Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Ցույցին մասնակցել են Բուխարեստից  Տ.Եզրաս քահանա Բոգդանը, Պիտեշտ քաղաքի հոգևոր հովիվ՝ Տ.Հեթում քհն. Թարվերդյանը, Ղպտի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ և Ռումինիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Պաուլ Բոգդանը: Մասնակիցների թվում էին մի շարք սիրիացիներ, ովքեր իրենց բողոքը արտահայտեցին հայերի հետ միասին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակիցները կրում էին Սիրիայի և Հայաստանի ազգային դրոշները: Միաժամանակ նրանք պաստառներ էին պարզել, որոնց վրա գրված էին «Փրկենք Քեսաբը», «Վերջ տվեք Ցեղասպանությանը», «Թուրքիա, վերջ տուր Սիրիայում անմեղ քաղաքացիների կոտորածին» և այլ նմանատիպ կոչեր: 

Ակցիայի ողջ ընթացքում ոստիկանությունն ապահովեց ներկաների անվտանգությունը: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդն ելույթում նշեց, որ Ռումինիայի հայ համայնքը անմասն չէ Քեսաբի մեր հայրենակիցների դժբախտությունից և ամեն հնարավորը անելու է, որպեսզի վերջ դրվի այդ բռնություններին: Օրեր առաջ, սրբազան հայրը պաշտոնական նամակ է ուղարկել նաև Ռումինիայի Նախագահին, վարչապետին և Ազգային Ժողովի նախագահին, որում կոչ է անում Ռումինիայի ղեկավարներին միջամտել և ստիպել Թուրքիային, որ կասեցնի իր օժանդակությունը իսլամիստ ահաբեկիչներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am