1000х90.jpg (78 KB)

ՍԴ-ն հրապարակել է կուտակայինի հարցով որոշման ամբողջական տարբերակը

Armenpress 09:47, 4 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ապրիլի 3-ին հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հարցով ՍԴ որոշման ամբողջական տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման 64 էջանոց տեքստը  PDF ձևաչափով հասանելի է ՍԴ պաշտոնական կայքում:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն` Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: «Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով եւ ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաեւ նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»,- նշված է որոշման 7-րդ կետում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am