Երկրաբանական թանգարանում կայացել է Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

Armenpress 12:52, 11 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ արդեն 21 տարի շարունակ ամբողջ աշխարհը մարտի 22-ը նշում է որպես Ջրի համաշխարհային օր` հանրության ուշադրությունը սևեռելով քաղցրահամ ջրի կարևորության և քաղցրահամ ջրի ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրների վրա: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 2014 թվականին Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում անցկացվում են «Ջուր և էներգիա» խորագրի ներքո: Կարևորելով ՄԱԿ-ի  այս նախաձեռնությունը` «SPRING» PR-ընկերությունը 2010 թվականին մշակեց «Լինե'նք հոգատար Հայաստան - Ջրի համաշխարհային օր» նախագիծը, որն արդեն չորրորդ տարին է` միավորում է ՀՀ ջրային ռեսուրսների ոլորտը ներկայացնող և դրա հիմնախնդիրներով զբաղվող պետական, հասարակական և կոմերցիոն կառույցները:

«Լինե'նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014»  սոցիալական-բնապահպանական նախագծին միացել են «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երկրաբանական թանգարանից, «Լինե'նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» սոցիալական-բնապահպանական նախագծի շրջանակներում` Ջրի համաշխարհային օրվան` մարտի 22-ին ընդառաջ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանում տեղի է ունեցել «Ջուրը և էներգիան» թեմայով սեմինար, որին մասնակցել են մանկավարժներ, դասախոսներ, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի ամբիոնի ուսանողներ, Ն. Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցի, «Վարդանանք» կրթահամալիրի, Լ.Շանթի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներ: Ինչպես «Արմենպրեսս»-ին  տեղեկացրին Երկրաբանական թանգարանից, միջոցառման մասնակիցները լսել են թանգարանի աշխատակիցներ՝ Սեդա Ավագյանի և Անուշ Գրիգորյանի կողմից պատրաստված «Հայաստանի քաղցրահամ ջրերը», թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի «Ջուրը անփոխարինելի օգտակար հանածո», «Ազգային ջրային համագործակցություն»  ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանի  «Ջուրը և էներգիան» թեմաներով զեկույցները, որոնցից հետո ներկաների միջև տեղի  է ունեցել զրույց- քննարկում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am