Կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչն արդար համակարգ է ու այլընտրանք չունի. Տիգրան Սարգսյան

Armenpress 14:47, 12 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի վրա 10 տարի աշխատանքներ են տարվել և այն պատրաստ է ներդրման համար: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ.-ի պետական բյուջեի քննարկմանն ամփոփիչ ելույթում  ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այս համակարգի մշակման վրա աշխատել են Հայաստանի 2 նախագահներ, երեք վարչապետեր, կոալիցիոն 4 կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ, աշխարհի լավագույն փորձագետներ: Եվ այս տարիների ընթացքում տեղի են ունեցել տարբեր ձեւաչափերով քննարկումներ, այդ թվում ընդլայնված երկու նիստ ՀՀ նախագահի մոտ, որին մասնակցում էին 2010թ.-ին ինչպես կոալիցիոն մեր գործընկերներն, այնպես էլ մասնագետներ, որոնք ունեին քննադատական մոտեցումներ հայեցակարգի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա՝ հավելելով, որ հայեցակարգը բազմաթիվ անգամ քննարկվել է նաև ԶԼՄ-ների հետ:

Սարգսյանը նշեց, որ  2009-2010թթ.-ի քննարկումների ընթացքում որոշում է ընդունվել  այս հայեցակարգի ներդրումն իրականացնել 2014թ.-ի հունվարի 1-ից՝ ընդգծելով, որ տրված էր ժամանակահատված, որպեսզի նաև մասնավոր հատվածը նախապատրաստվեր հայեցակարգի ներդրմանը, նաև որպեսզի պետությունը ևս մեկ անգամ փորձարկեր այն ենթակառուցվածքները, որոնք նախախատրաստվել են հայեցակարգը ներդնելու համար: 

Վարչապետը շեշտեց, որ կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում համարվում են ամենաբարդագույն բարեփոխումները և այս բարեփոխումը մեր անկախ պետականության տարիների ամենաբարդ ռեֆորմներից մեկն է, որովհետև այս ռեֆորմն առնչվում է ՀՀ բոլոր քաղաքացիների, ինչպես նաև մեր երկրի տնտեսության բոլոր ոլորտների հետ:

Վարչապետը հիշեցրեց, որ այսօր ՀՀ-ում կա  510 հազար թոշակառու և 2014թ. պետբյուջեով  կառավարությունը շուրջ 240 միլիարդ դրամ է հատկացրել թոշակներ վճարելու համար: «2014թ. պետական բյուջեով նապատեսվում է, որ միջին թոշակը Հայաստանում կավելանա 15 տոկոսով 31 հազար դրամից հասնելով 36 հազար դրամի: Սակայն մենք ձեզ հետ միասին քաջ գիտակցում ենք, որ թոշակների այս մակարդակը բավարար չէ արժանապատիվ ծերություն ունենալու համար: Եթե հաշվի առնենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 41 հազար դրամ, իսկ առողջապահական նվազագույն զամբյուղը կազմում է 51 հազար դրամ, իսկ բազային կենսաթոշակը կազմում է ընդամենը 14 հազար դրամ, ապա մենք կտեսնենք, որ հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ, ովքեր ապրում են թոշակի հույսին, աղքատության շեմից ցածր մակարդակի վրա են»,-նշեց նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ որպեսզի հնարավոր լինի բազային կենսաթոշակը 14 հազարից հասցնել 41 հազարի, միայն այդ գործողության համար կպահանջվի առնվազն 270 միլիարդ լրացուցիչ ֆինանսավորում: Իսկ դա կնշանակի, եթե ՀՀ պետբյուջեի 48 տոկոսն այսօր սոցիալական ծախսերն են,  տոկոսային վճարների ավելացումը 20-25 տոկոսային կետով այնպիսի բեռ է, որ կառավարությունը չի կարող այդ բեռը դնել պետբյուջեի վրա: «Պետք է հաշվի առնենք, որ ՀՀ-ում այսօր 500 հազար քաղաքացի է եկամտահարկ վճարում, և ՀՀ-ում այսօր գործում է սերունդների համերաշխության սկզբունքը, այսինքն` այդ սոցիալական հարկի շնորհիվ մենք պետք է ապահովենք մեր ծերացող բնակչության արժանավայել կենսաթոշակները»,-նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ այս խնդիրը հնարավոր է լուծել, եթե շեշտակիորեն ավելացվեն  սոցիալական հարկերը կամ եթե փոխվի կենսաթոշակի անցնելու տարիքը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս խնդիրը մեզ համար ավելի ցավոտ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք ծերացող հասարակություն: Այսօր 60 տարեկան և դրանից ավելի տարիք ունեցող բնակչության թիվը կազմում է ընդհանուր բնակչության 15 տոկոսը: Իսկ սա նշանակում է, որ մենք ծերացող հասարակություն ենք: Ավելին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնվածների ալիքը, որը մոտակա տարիներին հասնում է կենսաթոշակային տարիքի շեմին, ենթադրում է, որ մոտակա 10 տարիների ընթացքում ՀՀ-ում ավելանալու է թոշակառուների թիվը: «Իսկ սա նշանակում է, որ պետբյուջեի վրա սոցիալական ծախսերի բեռը տարեցտարի խորանալու է, իսկ մենք պարտավոր ենք լուծում գտնել այս խնդրին»,-ասաց նա:  

Վարչապետի խոսքով՝ այս խնդիրը բնորոշ չէ միայն Հայաստանին: Նա նշեց, որ  21-րդ դարի ամենալուրջ մարտահրավերներից մեկը համարվում է կենսաթոշակային ճգնաժամը, որն ամբողջ աշխարհում այսօր ֆինանսական հատվածում առավել ևս համարվում է ամենաբարդագույն խնդիրներից մեկը: Եվ առաջին հերթին այս խնդիրը ծանրանում  է այն երկրների վրա, որտեղ բնակչության ծերացման միտումներ են արձանագրվում:

Վարչապետը համոզվածություն հայտնեց, որ այն կենսաթոշակային բարեփոխումը, որը ներկայացնում է կառավարությունը, այլընտրանք չունի, որովհետև այդպիսով անցում է կատարվում ավելի արդար համակարգի: «Սերունդների համերաշխության մոդելով կառուցված կենսաթոշակային համակարգը ենթադրում է, որ այսօր կենսաթոշակառուն կարող է ստանալ այնքան թոշակ, ինչքան պետությունն ի վիճակի է հավաքագրել իր աշխատող քաղաքացիներից, իսկ դա նշանակում է աշխատող քաղաքացիների վրա բեռի ավելացում կամ թոշակների հավասար բաշխում, իսկ դա նշանակում է, որ ձեր տարիների վաստակը նշանակություն չունի, երբ որոշվում է, թե դուք ինչ թոշակ պետք է ստանաք, քանի որ այդ ֆինանսական բեռն ընկնում է աշխատող սերնդի վրա»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Նա նշեց, որ կուտակային համակարգն արդար համակարգ է, որովհետև հաշվի է առնում քաղաքացիների անձնական վաստակը, որովհետև ստեղծում է խթաններ, որպեսզի նրանք  կուտակեն իրենց ապահով ծերության համար: «Այսուհետև ապահով ծերության համար պատասխանատու է ոչ միայն պետությունը այլ նաև աշխատող քաղաքացին և սա մեր ռեֆորմի քաղաքական բովանդակությունն է, և մենք ասում ենք` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտավոր է պետության հետ միասին միջոցներ կուտակել իր ապահով ծերության համար և յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտավոր է ամեն ամիս կուտակումներ իրականացնել իր անձնական հաշվի վրա: Լրացուցիչ խթան ստեղծելու համար մենք 2014թ.- ի պետբյուջեի նախագծով հատկացրել ենք 20 միլիարդ դրամ, որովհետև 275 հազար քաղաքացի հունվարի 1-ից պետք է անցնի նոր համակարգին և առաջին վճարումները մինչև փետրվարի 20-ը պետք է իրականացնեն իրենց անհատական հաշվառման հաշիվների վրա և պետությունը ստանձնում է պարտավորություն կրիկնապատկել այն 5 տոկոս կուտակումը, որն իրականացնելու են ՀՀ քաղաքացիները: Տարիների ընթացքում կուտակված միջոցները խթանելու են մեր երկրի տնտեսության զարգացումը, որովհետև մենք ձևավորելու ենք երկար փողերի շուկա, առանց որոնց չի կարող լինել նաև երկարաժամկետ ռեսուրսների գոյացում մեր տնտեսական համակարգում և երկարաժամկետ ռեսուրսները չեն ուղղվելու մեր տնտեսության զարգացմանը»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ սա բացառիկ հնարավորություն է հաղթահարել այն ծուղակը, որում մենք հայտնվել ենք սերունդների համերաշխության սկզբունքով գործող կենսաթոշակային համակարգի ներքո: Նա հիշեցրեց ավտոմեքենաների պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը, երբ շատերը բողոքում էին, սակայն ընդամենը երկու եռամսյակ հետո քաղաքացիների մեծամասնությունը գոհ էին համակարգից՝ նշելով, որ նույն ճակատագրին կարժանանա նաև կենսաթշակների պարտադիր կուտակային համակարգը՝ դրական գնահատական ստանալով քաղաքացիների կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am