Վլադիմիր Պուտինն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Armenpress 17:25, 2 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՌԴ նախագահը ծաղկեպսակ դրեց 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին եւ մեկ րոպե լռությամբ հարգեց նրանց հիշատակը: Նրան ուղեկցում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՌԴ նախագահին էր ներկայացնում 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի պատմությունը:   

Նախագահի պաշտոնում սա Վլադիմիր Պուտինի երկրորդ այցն է Ծիծեռնակաբերդ: Առաջին անգամ Ռուսաստանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ 2001-ի սեպտեմբերի 15-ին. այդ ժամանակ նրան ուղեկցում էր Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Հատուկ հյուրերի համար նախատեսված ծառուղում Պուտինը իր անվան ծառ է տնկել, այնուհետեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել է ցուցանմուշներին եւ գրառում թողել հուշամատյանում: «Ռուսաստանը միշտ էլ որպես իր սեփականն է ընդունել հայ ժողովրդի ցավն ու ողբերգությունը: Խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ»,-«Արմենպրես»-ի 2001թ. սեպտեմբերի 17-ի հրապարակման համաձայն` այս գրառումն է կատարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am