Ռոբերտ Սահակյանցի հայտնի մուլտֆիլմերը նոր որակով հայտնվում են համացանցում

Armenpress 09:37, 28 Նոյեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ ամսում 14 սիրված մուտլֆիլմ նոր որակով հասանելի կլինի համացանցում: Նախագիծն իրականացվում է անիմացիոն ֆիլմերի հանրահայտ ռեժիսոր, մուլտիպլիկատոր  Ռոբերտ Սահակյանցին նվիրված  մեկամսյակի շրջանակում: Հանրության ուշադրությանը կներկայացվեն մուլտիպլիկատորի գործերը նոր` HD ձևաչափով: «Արմենպրես»-ի թղթակցի  հետ զրույցում Ռոբերտ Սահակյանցի որդին` Դավիթ Սահակյանցը նշեց, որ մեկամսյակի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի շարքում կլինի նաև երկու  ֆիլմ` «Տապանը» և «Վիկտորիան», որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել:

«Երկու օրը մեկ հաճախականությամբ մենք Youtube-ի մեր էջում կտեղադրենք այդ ֆիլմերը, որոնք  բոլորովին նոր որակով են մատուցվելու»,-  պատմեց Սահակյանցը: Նրա գնահատմամբ` թեև  դիտողականության բարձր ցուցանիշներ դեռևս չկան, սակայն անհերքելի է, որ այս նախաձեռնությունը միտված է  Ռոբերտ Սահակյանցի արվեստի պրոպագանդմանը, ինչպես նաև հրաշալի հնարավորություն մեծերի և փոքրերի համար հայկական մուլտիպլիկացիայի լավագույն  նմուշները բարձ որակով դիտելու համար: Շուրջ 14 ֆիլմերը կներկայացվեն` ըստ իրենց ստեղծման ժամանակագրության:  Առաջին ֆիլմը, որն արդեն հասանելի է դիտողին` «Աղվեսագիրքն» է (Лисья книга»), նկարահանված 1975 թվականին Վարդան Այգեկցու և  Մխիթար Գոշի առակների հիման վրա:

Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950 թվականին Բաքվում։ 1964 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան: Սովորելուն զուգահեռ նա աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ-անիմատոր: 1972 թվականին աշխատել է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սահակյանցին հեռացրել են համալսարանից: 1987 թվականին նա ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումը։ 2007-ին արժանացել է  Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը:

Մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ռոբերտ Սահակյանցն է։ Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Էստոնիայում: Սահակյանցը մահացել է 2009 թվականին Երևանում` երկարատեւ հիվանդությունից եւ սրտի բարդ վիրահատությունից հետո:

Նրա մահից հետո  մուլտարտադրության ոլորտում իր թողած հարուստ ավանդույթները  հաջողությամբ շարունակում է ընտանիքը` հիմնելով «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» մուլտիպլիկացիոն ստուդիան, որը խոշոր, արտերկրում մրցունակ մուլտիպլիկացիոն կինոնախագծեր է իրականացնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am