1000х90.jpg (78 KB)

ԶԵԱԲ-ը եւ ԵՏՀ-ն կաջակցեն Մաքսային միության երկրներում ինտեգրացիոն բնույթի նախագծերի իրագործմանը

Armenpress 18:52, 12 Նոյեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) եւ Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) նոյեմբերի 12-ին համագործակցության հուշագիր են ստորագրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փաստաթղթի ստորագրման արարողությունը, որին մասնակցել են ԵՏՀ-ի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն եւ ԶԵԱԲ-ի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը, տեղի Է ունեցել ԶԵԱԲ-ի՝ այսօր Մոսկվայում բացված «Եվրասիական ինտեգրացման խորացումն ու ընդլայնումը»ութերորդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովի շրջանակներում:

Փաստաթղթին համապատասխան, կողմերը պլանավորում են համագործակցել այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ ներդրումային նախագծերի վերլուծությունն ու գնահատումը, ինտեգրացիոն բնույթի նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը, ինչպես նաեւ աջակցությունը Մաքսային միության եւ ԵՏՀ-ի անդամ պետությունների տնտեսության ճյուղերում նման նախագծերի իրացմանը:

«Մենք վստահ ենք, որ մեր համատեղ գործունեությունը կնպաստի բանկի եւ ԵՏՀ-ի մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց տնտեսական աճին, երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը եւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն նախագծերի իրագործմանը»,- հայտարարել Է ԶԵԱԲ-ի վարչության նախագահը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածության մշտապես գործող կարգավորիչ մարմինն Է: ԵՏՀ-ի հիմնական նպատակը ՄՄ-ի եւ ԵՏՀ-ի գործառման ու զարգացման պայմանների ապահովումն Է, ինտեգրացման հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը: Ներկայում ԵՏՀ-ի կազմում ներկայացված են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը:

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն Է, որը Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից 2008 թվականի հունվարին ստեղծվել Է մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին եւ փոխադարձ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն օժանդակելու նպատակով: ԶԵԱԲ-ի կանոնադրային կապիտալը գերազանցում Է 1,5 մլրդ ԱՄՆ-ի դոլարը: Բանկի մասնակից պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am