Հարավային Կովկասում առողջապահության ոլորտին ամենաշատ հատկացումները կատարում է Հայաստանի կառավարությունը. հարցում

Armenpress 10:58, 16 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի երեք երկրներում առողջապահական ընդհանուր ծախսերի մեջ կառավարության միջոցների չափաբաժինը համեմատաբար բարձր է Հայաստանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս են վկայում Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնի կողմից իրականացված «Կովկասյան բարոմետր 2012» հետազոտության արդյունքները: Առողջապահական ընդհանուր ծախսերը, որ ներառում են անհատական և կառավարության հատկացումները, անհավասար են աշխարհի տարբեր երկրներում: Ցածր եկամուտ ունեցող երկրների կեսից ավելիի դեպքում կառավարության տրամադրած գումարները կազմում են 50 տոկոսից քիչ: Հարավային Կովկասի երկրները, ըստ առողջապահությանը հատկացվող գումարների չափի, դասվում են ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին: Առողջապահության ոլորտին կառավարության հատկացումներն ամենաբարձրը Հայաստանում են` մոտ 36 տոկոս, իսկ մասնավոր ծախսերը` 64 տոկոս, Վրաստանում` կառավարություն-մասնավոր հատված 22/78 տոկոս հարաբերակցությունն է, իսկ Ադրբեջանում պետական հատկացումները 21.5 տոկոս են, մասնավորը` 78.5 տոկոս: Առողջապահական անհատական ծախսերի մեծամասնությունը կանխիկ վճարումներ են: Չնայած վճարման այդ ձևը կարող է հասցնել առանձին անհատների կամ ընտանիքների ֆինանսական ճգնաժամին, բայց Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրում կանխիկ ծախսերը կազմել են առողջապահության նպատակով մասնավոր ծախսերի մոտ 89 տոկոսը:

Հայաստանում և Վրաստանում առղջապահական համակարգի նկատմամբ վստահությունը գրեթե նույնն է, համապատասխանաբար` 38 և 39 տոկոս` առողջապահական համակարգին «լիովին վստահում եմ» կամ «ավելի շուտ վստահում եմ» տարբերակները միասին վերցրած: Ադրբեջանցիներն առողջապահական համակարգին վստահում են ավելի շատ. վստահություն է հայտնել հարցվածների 51 տոկոսը: Հաշվի առնելով սեփական առողջության ինքնագնահատականը` Ադրբեջանի հասուն տարիքի բնակչության մոտ կեսը իր առողջությունը գնահատել է «լավ» կամ «շատ լավ», իսկ Հայաստանի և Վրաստանի դեպքում իրենց առողջությունը «լավ» է որակել հարցվածերի մեկ երրորդը: Այդ թվերը նույն են Հայաստանի և Վրաստանի դեպքում այն պարագայում, երբ Հայաստանի կառավարությունը ավելի մեծ գումարներ է ներդնում առողջապահության ոլորտում, քան դա անում են Վրաստանում և Ադրեջանում համապատասխան կառույցները:  

Առողջապահական ծախսերը որպես ՀՆԱ-ի մաս ցույց են տալիս առողջության համար ներդրված ռեսուրսների չափաբաժինը` երկրի ընդհանուր հարստության համեմատությամբ: Զարգացած երկրներում առողջապահական ոլորտի համար նախատեսված կառավարության հատկացումները կազմում են ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը կամ ավելին: Ներդվող ռեսուրսների չափաքանակը համեմատաբար ցածր է Հարավային Կովկասում: Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպության 2011 թվականի տվյալների` առողջապահական ծախսերը Վրաստանում ՀՆԱ-ի 9.9 տոկոսն է կազմում, Հայաստանում` 4.3, իսկ Ադրբեջանում` 5.2 տոկոսը:

Առողջապահական ընդհանուր ծախսերը պետական և մասնավոր ծախսերի ընդհանուր գումարն է: Այն ներառում է բժշկակական ծառայությունների տրամադրում` բուժական և կանխարգելիչ գործողություններ: Դրանց մեջ չեն մտնում հիգիենիայի ապահովման գումարները:

«Կովկասյան բարոմետր 2012» հետազոտությունն անցկացվել է Հարավային Կովկասի երեք երկրներում` նախորդ տարվա հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում` 6715 հարցվողների շրջանում` 2384-ը Հայաստանից, 1829-ը` Ադրբեջանից, 2502-ը` Վրաստանից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am