Երեւանի առաջին քույր քաղաք Կարրարայի պատվիրակությունը տպավորված է Երևանի տոնական հանդերձանքով

Armenpress 12:30, 12 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իտալիայի Կարրարա քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբբանիին և Կարրարա քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Լուկա Ռագոնիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի առաջին քույր քաղաքի հետ հանդիպումն առավել քան պարտավորեցնող ու առանձնահատուկ է: «Մենք ուրախ ենք մայրաքաղաքում հյուրընկալելու Երևանի առաջին քույր քաղաքի պատվիրակությանը: Երևանի և Կարրարայի բարեկամության առաջին հիմնաքարը դրվել է դեռևս 1962թ.-ին։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով, մենք պարտավոր ենք երկու քաղաքների միջև էլ ավելի սերտացնել ու զարգացնել հարաբերություններն ու գործնական ընթացք տալ փոխգործակցությանը: Մենք բաց և պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության համար և համոզված եմ, որ առաջիկայում երկուստեք մեր հարաբերությունները կդրվեն նոր հիմքի վրա»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Կարրարայի  քաղաքապետ Անջելո Զուբբանին իր հերթին,  շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Երևանը ևս վստահելի գործընկեր է Կարրարայի համար և համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև հարաբերություններն իսկապես էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. «Շատ ուրախ եմ գտնվել դարավոր հարուստ պատմություն ունեցող մայրաքաղաքում, որն արդեն 2795 տարեկան է: Իսկապես կա գործակցության խթանման մեծ ներուժ և մենք, հաշվի առնելով նաև հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պետք է նոր թափ հաղորդենք մեր հարաբերություններին»,- նշել է Անջելո Զուբբանին, ավելացնելով, որ տպավորված է Երևանի տոնական հանդերձանքով ու ընդգծել է, որ պատրաստվում է ներկա գտնվել տոնական բոլոր միջոցառումներին, ընդ որում, ոչ թե որպես հյուր, այլ լիարժեք մասնակից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և երկուստեք բարեկամությունը խորացնելու պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է հյուրերին լիարժեք վայելել 2795-ամյա Երևանի ջերմությունն ու հյուրընկալությունը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am