Բացվեց «Արարատ 73»-ի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշարձան

Armenpress 16:22, 6 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի Ագարակ գյուղում բացվեց «Արարատ 73»-ի 40-ամյա հաղթանակին նվիրված հուշարձան: Հանդիսությանը ներկա էին «արարատցիները», ՀՀ պաշտպանության և սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմի անունից շնորհակալական խոսք ասաց «Արարատ 73»-ի մարզչական խմբի անդամ Հարություն Քեհեյանը: «Դժվար էր հսկայական ԽՍՀՄ-ում Բալթիկ ծովից մինչև Վլադիվոստոկ դառնալ կրկնակի չեմպիոն` գավաթակիր և առաջնության հաղթող»,- ասաց նա:

Լեգենդար հարձակվող Լևոն Իշտոյանը վստահեցրեց` հայ ազգը միշտ էլ ֆուտբոլասեր է եղել: «Մոտ ապագայում կտեսնենք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերելքը, ես համոզված եմ»,- ասաց Իշտոյանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վերհիշելով հայկական սպորտի լուսավոր էջերը, փաստեց. «Կարծում եմ` «Արարատ 73»-ը հայկական սպորտի տարեգրքում այնքան մեծ բան է արել, որ պետք է նշվի ոչ միայն 50, 60, 70, այլեւ 170-րդ տարեդարձը»:     

Արարողությանը ներկա չէր Արկադի Անդրեասյանը, իսկ թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը Երևան կժամանի հոկտեմբերի 9-ին:

40 տարի առաջ` 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի «Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում» կայացավ Երեւանի «Արարատի» եւ Կիեւի «Դինամոյի» պատմական հանդիպումը, որտեղ Երեւանի «Արարատը», 2:1 հաշվով հաղթելով Կիեւի «Դինամոյին», նվաճեց Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը: Այսօր էլ հայկական ֆուտբոլի երկրպագուների հիշողության մեջ թարմ են «Արարատի» անզուգական խաղն ու Լեւոն Իշտոյանի երկու հաղթական գոլերը:

Այդ հանդիպումից օրեր անց, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատի» եւ Լենինգրադի «Զենիթի» հանդիպումը, որտեղ «Արարատի» անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանի եւ Էդուարդ Մարգարովի հրաշալի գոլերի արդյունքում 3:2 հաշվով հաղթելով լենինգրադցիներին` «Արարատը» նվաճեց նաեւ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը:

Երեւանի «Արարատը» դարձավ 6-րդ թիմը, որը մեկ խաղաշրջանում նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի եւ ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am