Մեր ճանապարհը խրթին է, բայց արդարությամբ պիտի հաղթահարենք բոլոր դժվարությունները. Սերժ Թանկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Armenpress 11:03, 8 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ- ԱՄՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի System of a Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը վերջերս իր երկրպագուներին անակնկալ մատուցեց՝  ներկայացնելով իր 5-րդ՝ Jazz-Iz-Christ ձայնասկավառակ: Նախատեսված էր, որ ալբոմը պետք է ռոքային լինի, սակայն հետո որպես հիմնական ոճ ընտրվեց ջազը: Մեծ հայրենասեր Սերժ Թանկյանը չէր կարող իր նոր ձայնասկավառակում չանդրադառնալ Հայաստանին. նա Երևանին նվիրված նոր երգ ունի, որը կոչվում է Yerevan to Paris: «Արմենպրես»-ը զրուցել է  Սերժ Թանկյանի հետ նոր ձայնասկավառակի, ծրագրերի, համերգների մասին:

- Պարոն Թանկյան, Ձեր Jazz-Iz-Christ ձայնասկավառակը մեծ հաջողություն  արձանագրեց, չնայած այն հանգամանքին, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ է հայտնվել երաժշտական խանութներում: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ անվանումը:

- Jazz-Iz-Christ-ը հսկայական համագործակցություն է իմ, Տիգրան Համասյանի, Վալերի Տոլստոյի, Թոմ  Դուպրեի և մի շարք այլ զարմանահրաշ երաժիշտ ընկերների միջև: Ես որոշեցի ձայնասկավառակն անվանել Jazz-Iz-Christ մի քանի պատճառներով: Առաջինն արձագանք էր  ջազի և դասական աշխարհում պուրիստների դեմ, ովքեր հավատարիմ են ժանրերի` իրենց էլիտիստական  ընկալումներին: Երկրորդն ուղղված է հատկապես ԱՄՆ-ում տարածված աջակողմյան քրիստոնյաների` Աստծո նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեմ: Եվ երրորդ պատճառն այն է, որ զվարճալի է հնչում:

- Ձեր ձայնասկավառակում մի երգ ունեք, կոչվում է  Yereven to Paris: Ինչպե՞ս եք այն ստեղծել և ի՞նչ էիք զգում երգը գրելիս:

- Ձայնասկավառակիս երգերի մեծ մասը ստեղծվել է իմ ստուդիայում, և այնուհետև այլ երաժիշտների հետ աշխատել ենք դրանց վրա, չնայած որ շատ երգեր կան, որոնք գրվել են ուրիշների կողմից:  Yereven to Paris երգն այդպես է կոչվել, որովհետև այն որոշ չափով  տոգորված է և՛ Երևանի , և՛ Փարիզի ձայներով և «համով»: Հայկական պարային երաժշտությունը զուգակցվում է ջազի հանգստացնող, զգայուն ելեւէջների,  ֆրանսիական միջնադարյան երաժշտություն հիշեցնող բիթերի հետ:

- Սեպտեմբերին համերգներով հանդես եք գալու Ռուսաստանում:

- Այո, առաջին համերգս օգոստոսի այս առաջին օրերին Ռուսաստանում` Անապայում կլինի  The Kubana Festival -ի շրջանակում` System Of A Down-ի հետ: Հետո կրկին Ռուսաստան կվերադառնամ ուկրաինական նվագախմբի հետ` կատարելու Elect The Dead Symphony և Orca համատեղ ստեղծագործությունը, որն իմ` վերջերս թողարկած նոր սիմֆոնիան է:

- Հայաստանի գալու հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

- Հայաստանում այս տարի հանդես գալու համար ոչինչ չենք նախատեսել, բայց հույս ունեմ հետագայում համերգ ունենալ:

- Տարեսկզբին հայտարարեցիք, որ համագործակցելու եք հայտնի հիփ-հոփ երգիչ Tech9ne –ի հետ և մասնակցելու եք նրա Something else ձայնասկավառակի ստեղծման աշխատանքներին: Համագործակցության վերաբերյալ նորություններ արդեն կա՞ն:

- Այո, Tech9ne -ը վերջերս իր նոր երգի Straight out the Gate-ի տեսահոլովակը թողարկեց, որը ներառում է նաև իմ կատարումը: Ես իսկապես սիրեցի այդ ռիթմիկ փորձը և լիրիկական ուժը, ուստի համաձայնեցի կատարել թրեքը:

- Վերջին ամիսներին Դուք նկարում էիք, ստեղծում երաժշտական կտավ: Գիտեմ, որ երբևէ չեք նկարել: Ի՞նչ եք զգում նման փորձից հետո: Ի՞նչ է նկարչությունը Ձեզ համար:

- Արվեստը, երաժշտությունը, նկարչությունը և բանաստեղծություններ հորինելն ինձ համար ամեն ինչ են: Ինձ մոտ արտառառոց միտք հղացավ ստեղծել նկարներ` իմ երաժշտության հիման վրա, և վերջերս հենց դրա վրա էի աշխատում: Իմ մեթոդը ներառում է երաժշտական կտավի ստեղծումը, որն այնուհետև դառնում է տեսանելի աշխատանք` երաժշտություն եւ կտավ: Եվ վերջապես ես դրանք փորձում եմ համադրել, որպեսզի դիտողն ի վիճակի լինի լսել նկարը և տեսնել երաժշտությունը: Մենք ցանկանում ենք Լոս Անջելեսում նոյեմբերին ցուցահանդես կազմակերպել՝ ցույց տալու, թե ինչպես են երաժշտությունն ու նկարն «ամուսնանում»: Մենք կներկայացնենք նաև 2 տարբեր ժիկլեներ և մեկ լիտոգրաֆիա՝ վաճառքի համար:

- Իսկ Ձեզ ի՞նչ ոճի երաժշտություն է ոգեշնչում:

-Ամեն տեսակի երաժշտությունն ինձ ոգեշնչում է: Նպատակը և զգայական տարրերը՝ ահա թե ինչի վրա եմ ուշադրություն դարձնում և ոչ այնքան երաժշտության ժանրին:

- Դուք հաճախել եք Rose and Alex Pilibos հայկական դպրոցը: Ո՞րն է եղել ամենակարևոր դասը, որ սովորել եք այնտեղ:

- Կարծում եմ, իմ մշակույթը, մարդկանց հարգելն ու սիրելը:

- Դուք բազմաթիվ նախագծեր եք իրականացնում, որպեսզի Հայոց Ցեղասպանությունը ճանաչվի աշխարհում: Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլն այս առումով:

-Ես դրա հետ կապված հիմա մի քանի նախագծի վրա եմ աշխատում: Կքննարկեմ դրանք այն ժամանակ, երբ ընդունվեն և մամուլում տարածվեն:

-Ձեր պապիկը Եղեռնից փրկված հայ էր: Ինչպիսի՞ պատմություններ եք լսել նրանից այդ դաժան օրերի մասին:

-Պապս շատ սարսափելի պատմություններ էր պատմում հալածանքների և փրկվելու  մասին: Ուրախ եմ, որ կարողացանք ձայնագրել նրա հիշողությունները, մինչև նա մահացավ: Նա թողեց ինձ, մեր ընտանիքին, ինչպես նաև մեր պատմության համար պատմական կարուեր նշանակություն ունեցող պատմություններից մեկը:

-Դուք արդեն երկու բանաստեղծությունների գիրք եք հրատարակել: Արդյոք մի օր կգրե՞ք նաև ինքնակենսագրություն:

- Համոզված չեմ: Կցանկանայի մի օր գրել ոչ-գեղարվեստական ստեղծագործություն արդարության և հոգևորի արժեքների մասին:

-Բոլոր հայերը մեծ երախտագիտությամբ եւ սիրով են լցված Ձեր նկատմամբ: Ի՞նչ կմաղթեք Ձեր հայ երկրպագուներին:

-Ես էլ իմ հայրենակիցներին եմ շատ սիրում: Մեր ճանապարհը խրթին է, բայց արդարությամբ պիտի հաղթահարենք մեր բոլոր դժվարությունները: (նախադասությունը գրված է լատինատառ հայերենով): Շնորհակալություն հարցազրույցի համար:

 

Բացառիկ հարցազրույցը՝  Ռոզա Գրիգորյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am