Հանրապետության բուհերում թափուր տեղեր են մնացել բնագիտական առարկաների գծով

Armenpress 16:16, 17 Հուլիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարբեր բուհեր այս տարի ընդունվել է 13 հազար դիմորդ: Ինչպես հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, նրանցից 1302-ն ընդունվել են տարբեր բուհեր անվճար հիմունքներով:

«9095 դիմորդ ընդունվել է վճարովի հիմունքներով: Չընդունվողների թիվը կազմում է 2500 դիմորդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մելիքյանը:

ԳԹԿ տնօրենի խոսքով` ամենաշատ դիմորդներն այս տարի ունեցել է Երեւանի պետական համալսարանը, որտեղ ընդունվել է 3338 դիմորդ:

Երկրորդ տեղում Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանն է, որտեղ ընդունվողների թիվը 1882 է: «Մանկավարժական համալսարան այս տարի ընդունվել է 1171 դիմորդ, Ճարտարապետական` 1152 դիմորդ, իսկ Բժշկական համալսարան ընդունվողների թիվը 888 է»,-ասաց նա:

Մելիքյանը նշեց, որ այս տարի ԵՊՀ-ում կա 310 թափուր տեղ: Ընդ որում, թափուր տեղերը բնագիտական մասնագիտությունների գծով են: ԵՊՀ-ի հումանիտար ֆակուլտետներում թափուր տեղեր չկան: «Գյուղատնտեսական համալսարանում բացի տնտեսագիտական բլոկից, մյուս բոլոր մասնագիտությունների գծով կան թափուր տեղեր: Թափուր տեղեր կա նաեւ Մանկավավարժական համալսարանի տեխնիկայի ֆակուլտետում»,-ասաց ԳԹԿ տնօրենը:

Ինչ վերաբերվում է անցողիկ շեմերին, Մելիքյանն ասաց, որ կան մասնագիտություններ, որոնց անցողիկ շեմն իջել է: «Համալսարանի ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետներում անցողիկ շեմն իջել է երկու բալով: Երկու բալով իջել է նաեւ կիրառական մաթեմատիկա եւ ֆիզիկա ֆակուլտետի անցողիկ շեմը: Հումանիտար ոլորտում տարբեր մասնագիտությունների գծով անցողիկ շեմը բարձրացել է մինչեւ 4 բալ»,- ասաց նա:

2013  թվականի Պետական միասնական եւ ավարտական ընդունելության քննություններն այս տարի մասնակցել է 15 հազար դիմորդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am