Հայերեն Վիքիպեդիայի պատասխանատուներն աշնանը կանցկացնեն երկու կարեւոր միջոցառումներ


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերեն Վիքիպեդիան ձգտում է իր հոդվածների քանակը հասցնել մինչև 50 հազարի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հայերեն Վիքիպեդիայի մասնակից և ադմինիստրատոր Ալեքսեյ Չալաբյանը: «Այս պահի դրությամբ հայերեն Վիքիպեդիայում հոդվածների քանակը մոտ 46.800 է, նախատեսվում էր մինչև հունիսի 1-ը քանակը դարձնել 50 հազար, սակայն չհասցրինք: Հիմա հուսով ենք, այդ թվին կհասնենք առաջիկա օրերին»,- ասաց Ալեքսեյ Չալաբյանը: Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցների քանակը ամսական կտրվածքով մոտ 200 է:  

Տեղադրվող նյութերի նկատմամբ վերահսկողության մասին Ալեքսեյ Չալաբյանը նշեց, որ իրականացվում է մի քանի մեխանիզմներով. կան մարդիկ, ովքեր հատուկ հետևում են վերջին փոփոխություններին, նորացված էջերին ու կատարում ստուգումներ: Երկրորդ ձևը` կան հոդվածների ուղղություններ, որոնք գտնվում են որոշակի անձանց ուշադրության կենտրոնում, և նրանք պարբերաբար վերանայում, ստուգում են դրանք:

Հակահայկական նյութերի խնդիրը հայերեն Վիքիպեդիայում չկա. եթե լինում են նման դեպքեր, դրանք շատ արագ նկատվում են և ուղղվում: Վերջին խոշոր դեպքը, որ հիշում է Ալեքսեյ Չալաբյանը, ադրբեջանցիների կողմից որոշ նյութերում արված փոփոխություններն էին, որոնք շատ արագ հայտնաբերվեցին, և երկու օր հետո այդ մասնակիցներն արգելափակվեցին:

Այլ է խնդիրը ռուսերեն, անգլերեն Վիքիպեդիաների դեպքում: «Եթե հայերենում ամսական մի քանի հարյուր հոդված է տեղադրվում, ապա անգլերենում` կես միլինոնից շատ, և այս պայմաններում վերահսկողությունը դժվարանում է»,- ասաց Չալաբյանը: Կա նաև հավաստի աղբյուր վկայակոչելու հարցը: Ալեքսեյ Չալաբյանը օրինակով բացատրում է մեխանիզմը, որով գործում է Վիքիպեդիայում հոդված գրելու կամ խմբագրելու կարգը: «Եթե որևէ մարդ փոփոխություն է արել այս կամ այն լեզվով հոդվածում, և այն մեզ դուր չի գալիս, քանի որ, օրինակ, սուտ ինֆորմացիա է պարունակում, որպեսզի դա չեզոքացնենք, մենք պետք է առավել վստահելի աղբյուրներ օգտագործենք, որով մեր տարբերակը կհամարվի ճիշտն ու հավաստին»,-նշեց հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորը:

Առաջիկայում նախատեսվում են առավել ներկայացուցչական հոդվածների ստեղծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել, մասնավորապես, խորհրդային հանրագիտարանների հիման վրա կպատրաստվեն հոդվածներ: Քանի որ այդ գրքերում եղած տեղեկություններում այժմ փոխվել են որոշ տեսակետներ, տեղանուններ, հասկացություններ, այդ պատճառով էլ հանրագիտարանները կդիտարկվեն որպես հիմք, իսկ հոդվածները կհամադրվեն նաև նորացված ինֆորմացիայով: Վիքիպեդիային կից Vikisource.org կայքում էլ կզետեղվեն հանրագիտարանների բնագիր տարբերակները: Այս ամենը կկատարվի կամավորների օգնությամբ:

Հարցին, թե ինչ քայլեր են արվում նոր կամավորներ ներգրավելու ուղղությամբ, Ալեքսեյ Չալաբյանը պատմեց իրենց կողմից կազմակերպվող սեմինարների մասին, որոնք երկու ամիսը մեկ հաճախականությամբ իրականացվում են ՀՀ տարբեր քաղաքներում: «Առաջիկա կիրակի օրը հայերեն Վիքիպեդիայով հետաքրքրվողների համար Վանաձոր քաղաքում կկայանա միջոցառում, որի ժամանակ կներկայացվի Վիքիպեդիան, դրա օգտագործման, մասնակցության ձևերը»,- նշեց Չալաբյանը: Թե մասնակիցների քանակը որքանով կավելանա այդ միջոցառումներից հետո, զրուցակիցը դժվարացավ ասել ու հավելեց, որ «կարճաժամկետ հեռանկարում փորձը ցույց է տվել, որ արդյունքները մեծ չեն լինում, սակայն երկարաժամկետ գործողությունների արդյունքում փոփոխություններն ակնհայտ են»: Այդպիսի ներկայացումների մասնակիցները, հիմնականում, Վիքիպեդիայով հետաքրքրված մարդիկ են, ովքեր իրենք են առաջարկում նման միջոցառումների կազմակերպումը:

Ալեքսեյ Չալաբյանն անդրադարձավ նաև «Վիքի» նախագծերի հետ կապված աշնանը նախատեսվող երկու կարևորագույն միջոցառումներին: Առաջինը սեպտեմբերի 1-31-ը «Վիքին սիրում է հուշարձանները» ֆոտոմրցույթի անցկացումն է, որի նպատակն է  բարձրացնել հետաքրքրվածությունը Հայաստանի բոլոր հուշարձանների նկատմամբ: «Յուրաքանչյուր ոք այս կամ այն հուշարձանը լուսանկարելու և այն Վիքիպեդիայում տեղադրելու հնարավորություն կունենա: Հույս ունենք, որ Երևանով չի սահմանափակվի հուշարձանների ֆոտոմրցույթը, կներգրավվեն նաև մարզերը»,- հույս հայտնեց Ալեքսեյ Չալաբյանը: Մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա հոկտեմբերին, հաղթողները կստանան տեղական և միջազգային մակարդակի մրցանակներ:

Հոկտեմբերի 4-5-ին էլ նախատեսվում է անցկացնել Վիքի-կոնֆերանս, որի ժամանակ զեկույցները կվերաբերեն «Վիքի» նախագծերին, իսկ այժմ հավաքագրվում են ներկայացումների հայտերը: Ակնկալում են նաև հյուրեր արտասահմանից: Սա արդեն երկրորդ կոնֆերանսն է. առաջին կոնֆերանսը, որ տեղի է ունեցել 2012 թ․ սեպտեմբերի 7-8-ը Երևանում, մասնակցել են նաև ներկայացուցիչներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Վրաստանից:

Հայերեն Վիքիպեդիան բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակն է: Ինչպես և բոլոր վիքիմեդիա-նախագծերը, հայերեն Վիքիպեդիայի բովանդակությունը ևս գտնվում է ազատ արտոնագրի ներքո, և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ մնացած տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am