1000х90.jpg (78 KB)

«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք». բարձրաձայնում են Թաքսիմի ցուցարարները

Armenpress 14:12, 6 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում շարունակվող հակակառավարական ցույցերի ժամանակ ներկաները սկսել են բարձրաձայնել Հայոց ցեղասպանության, ինչպես նաև «Գեզի» զբոսայգում նախկինում եղած հայկական գերեզմանատան մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համացանցում հայտնված տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես բարձրախոսը վերցրած ցուցարարներից մեկը սկսում է խոսել անցյալը չմոռանալու անհրաժեշտության մասին:

«Թաքսիմի «Գեզի» զբոսայգին միևնույն ժամանակ հայկական գերեզմանատուն է: Այս զբոսայգու տակ հայերի ոսկորներն են: Ողջ երկրի հողերի տակ հայերի, Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների, մեր եղբայների ոսկորներն են: Սրա պատասխանատուն Թուրքիայի Հանրապետությունն է: Մեզ վրա արցունքաբեր գազ կիրառողները 1915 թվականին հարյուր հազարավոր հայերի սպանեցին»,- բարձրախոսով պատմել է ներկաներից մեկը: Նա խոսել է Հրանտ Դինքի մասին, «ում ձայնը եղել է եղբայրության, խաղաղության, բարեկամության ձայն»: Նա դատապարտել է պետությանը Դինքին սպանելու և այս ոճրագործությունն անպատիժ թողնելու համար: Այնուհետև ցուցարարները, ճիշտ այնպես, ինչպես Դինքի թաղման արարողության ժամանակ, սկսել են բղավել. «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»:  Նրանք պահանջել են, որպեսզի «Գեզի» զբոսայգու փոքրիկ փողոցներից մեկն անվանակոչվի Հրանտ Դինքի անունով` «որպեսզի իմանան, որ պարտական են հայերին, Հրանտ Դինքին»: Հավաքվածները զբոսայգում գտնվող ձողերից մեկի վրա փակցրել են «Հրանտ Դինքի անվան պողոտա» գրությունը: 

Խոսելով ցեղասպանության և դրա իրականացման մասին` մեկ այլ ցուցարար դատապարտել է այն փաստը, որ ցեղասպանությունն իրականացրածների անուններով սկսեցին փողոցներ, դպրոցներ անվանել: Նա նշել է, որ իրենց հաջորդ նպատակը «Էրգենեկոն» անվանված պողոտան Դինքի անունով կոչելն է: «Վստահ եմ, որ դա էլ ենք հաջողելու»,- ասել է նա:

Բողոքի ցույցը շարունակվել է «Էրդողան, պաշտոնաթող եղիր» կոչերով:

Այս միջադեպին իր Facebook-ի էջում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ով կատարվածը որակել է որպես Թուրքիայում տեղի ունեցող հետաքրքրական զարգացում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am