1000х90.jpg (78 KB)

ՀՀ-ԵՄ հարաբերությունները պայմանավորված չեն այլ կառույցների հետ Հայաստանի փոխհարաբերություններով. Տրայան Հրիսթեա

Armenpress 20:52, 21 Մայիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը չի պայմանավորում այլ ինտեգրացիոն կառույցների հետ ՀՀ-ի փոխհարաբերություններով: Մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

«Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրներից ամեն մեկն իր շահերի վրա է հիմնված, ինքն է որոշում, թե ինչ սխեմայով եւ ձեւով է հետեւում ինտեգրման քաղաքականությանը: Մենք որեւէ կերպ չենք ուզում դադարեցնել հարաբերություններն այլ ինտեգրացիոն դաշտերի հետ՝ տվյալ դեպքում Մաքսային Միության եւ Անկախ պետությունների համագործակցության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հրիսթեան՝ հավելելով, որ Բրյուսելն ու Երեւանը ներկայում բանակցում են ավելի սերտ ինտեգրացիոն հարաբերություններ կառուցելու սխեմայի շուրջ:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ինտեգրացիոն տարբեր կառույցների հետ հարաբերությունների կառուցման եղանակն ընտրելը Հայաստանի սուվերեն իրավունքն է: Հրիսթեան ասաց, որ Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրում նախատեսվում է ֆինանսների, ծառայությունների եւ ապրանքների ազատ տեղաշարժի հնարավորության ստեղծում: Եվրամիության անդամ երկրներն օգտվում են նաեւ  մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությունից:

 Մարտի 19-ին ՀՀ արտգործնախարարությունում մեկնարկել է Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստը: 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցություններն արդեն մոտենում են եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Ծրագրվում է մինչեւ 2013 թվականի նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am