«Հետահայաց». Սեւանա թերակղզին դեռ կարող է դառնալ «կանաչ հովանոց»

Armenpress 11:32, 13 Մայիս, 2013

Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է Սեւանա թերակղզուն, մասնավորապես` թերակղզում իրականացվող ներկա եւ անցյալ ծառատունկերին, անհրաժեշտաբար իրականացվող աշխատանքներին, որոշակի բացերին եւ թերացումներին, դրանց արդյունավետությանը: Դեռեւս 1981 թվականի այս օրերին «Արմենպրես»-ը տեղեկացրել էր` սկսվել է իրականացվել Սեւանի հանգստի գոտու այդ կենտրոնական հատվածի կոմպլեքսային բարեկարգման աշխատանքներ:

Սեւանա թերակղզին մոտ ապագայում էլ ավելի կգեղեցկանա…1981 թվական

1981 թվականի մայիսի 19-ին «Արմենպրես»-ը նյութ է հրապարակել, որում տեղեկացնում է` Հայաստանի առավել սիրված վայրերից մեկը` Սեւանա թերակղզին, մոտ ապագայում էլ ավելի կգեղեցկանա: Սկսվել է Սեւանի հանգստի գոտու այդ կենտրոնական մասի կոմպլեքսային բարեկարգման աշխատանքը: Թերակղզին կվերածվի լճի մի յուրօրինակ «կանաչ հովանոցի»:

Անցկացվում են մեծ ծավալի անտառատնկումներ: Մինչեւ այս տարվա վերջը մոտավորապես 10 հազար քառ մ-ի վրա կսոսափեն մատղաշ տնկիները: Կղզու ճարտարապետական հուշարձաններն այցելող տուրիստների սպասարկումն ավելի բարելավելու համար նոր ճանապարհ է գցվում: 

130 հա տարածքում անտառտնկումներից մինչեւ մի քանի հարյուր ծառի տնկում. կատարված աշխատանքները` ժամանակագրորեն

 Խորհրդային տարիներին թերակղզու տարածքում անտառտնկման եւ անտառվերականգնման աշխատանքների իրականացումը մեծ թափ է ունեցել: Կատարված աշխատանքները զանգվածային են եղել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալ Վահե Գուլանյանը, այդ տարիներին մեծ թափով իրականացված աշխատանքներից հետո որոշակի ժամանակաշրջան աշխատանքները կանգ են առել եւ վերսկսվել միայն 2009 թվականին` այն էլ շատ փոքր ծավալներով: «Անտառվերականգնման մասով չէի ասի, որ շատ աշխատանքներ են տարվել, քանի որ իրականացված ծավալները բավական հետ էին ցանկալիից»,- ասաց Վահե Գուլանյանը:  

Համեմատության համար նշենք, որ եթե խորհրդային տարիներին իրականացված անտառտնկումները կամ վերականգնման աշխատանքների ծավալները մոտավորապես 130 հա տարածք են կազմել, ապա, օրինակ, 2009 թ-ին մի քանի հարյուր ծառ է տնկվել` հիմնականում բարդի եւ ուռենի: 

Այնուամենայնիվ, կատարված աշխատանքներն այդքանով չեն բավարարվել, կատարվել են նաեւ ծառերի դեկորատիվ մշակումներ: Ուշադրություն է դարձվել նաեւ կուտակված աղբի մաքրման աշխատանքներին, որը, Վահե Գուլանյանի հավաստմամբ, իրականացվել է բավական մեծ ծավալներով:

«Սեւան» ազգային պարկը տարեկան կատարվելիք աշխատանքների առաջնահերթությունը որոշում է նախորդ տարվա ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, որն իրականացվում է բոլոր ուղղություններով: Վահե Գուլանյանի խոսքով` կատարվելիք աշխատանքները իրենք են մշակում, իրենք էլ իրականացնում են` որպես Բնապահպանության նախարարության քաղաքականության մի մաս: «Տեսնում ենք, թե որ հատվածում միջամտություն անելու կարիք կա, կամ ինչպիսի միջոցառում կատարելու ահրաժեշտություն: Ինչը վնասված է, դա ենք փորձում վերականգնել առաջնահերթ կերպով: Անում ենք այն, ինչի կարիքն ամենից շատ է»,- ասաց նա:

Սեւանա թերակղզին շարունակում է հրապուրել զբոսաշրջիկներին` տարբեր պատճառներով

 Սեւանա թերակղզին շարունակում է Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայր լինել եւ չգրված օրենքով ընդգրկվել պարտադիր այցելվող տեսարժան վայրերի ցուցակում: Պատճառները շատ են: Առաջին հերթին, ըստ Վահե Գուլանյանի, պատճառը հարմար աշխարհագրական դիրքն է, տարածքում առկա պատմամշակութային հուշարձանները: Բացի դրանչց, նաեւ ունեցած համբավը: «Ժողովրդի մեջ կա էթնիկ ձգողականություն, էթնիկ հրապուրանք»,- ասաց նա:

 ՊՈԱԿ-ի կողմից կատարված մոնիթորինգը ցույց է տվել, որ իրապես վայրը շարունակում է հրապուրել այցելողներին եւ շարունակում է զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայր լինել: Տարեկան շուրջ 350 հազար զբոսաշրջիկ է այցելում թերակղզի: Ուշագրավ է, որ նրանցից ընդամենը 35-40 մարդ է ձմռանը այցելում, գարնանը եւ աշնանը մի փոքր ավելին, հիմնական մասը ամռանն են այցելում: Ամռան օրերին թերակղզի շուրջ 3-5 հազար մարդ է գալիս, իսկ ահա տոն օրերին, կիրակիներին այդ ցուցանիշը հասնում է 9-10 հազարի:

 

Սեւանա թերակղզին` «կանաչ հովանոց»

81 թ-ին նախատեսվում էր թերակղզին վերածել լճի յուրօրինակ «կանաչ հովանոցի»: Վահե Գուլանյանի խոսքով` նպատակը ամբողջությամբ իրականացնելուց շատ հեռու չենք: «Տարածքը բավական կանաչ է եւ կանաչապատված, լուռ չարաշումներ չկան»,- ասաց նա:

ՊՈԱԿ-ի փոխտնօրենը նաեւ տեղեկացրեց, որ մնացել է 10-25 հա տարածքի կանաչապատում, որն ամբողջ մակերեսի 10 տոկոսն է կազմում: «Խոսքն, իհարկե, այն մակերեսի մասին է, որը  հնարավոր է կանաչապատել, սակայն որը դեռ չի արվել, կամ արվել է եւ հիմա լրացման, խնամքի կարիք է զգում»,- ասաց նա:

Նրա հավաստմամբ` ծրագիրը հնարավոր է իրականացնել եւ հեռու չի այդ ժամանակը: «Որոշակի ժամանակ եւ ֆինանսական միջոցներ են պետք»:

Զբոսաշրջիկների առատ հոսքը` կենսաբազմազանության աղքատացման պատճառ

Զբոսաշրջիկների առատ հոսքը եւ կուտակումները որոշակի չափով դարձել են կենսաբազմազանության աղքատացման պատճառ: Խնդիրը արդիական է եղել ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ` հիմա: Վահե Գուլանյանը նաեւ արձանագրում է, որ այդ տարածքը երբեք չի առանձնացել որպես բուսականությամբ կամ կենդանական աշխարհով հարուստ տարածք: Այժմ ավելի աղքատիկ է:

Այնուամենայնիվ, չի ժխտում, որ այն հետաքրքիր է պատմական եւ գիտական տեսանկյունից:

 

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am