Ավտովթարից տուժած զինծառայողի վիճակը կայուն ծանր է. նրան տեղափոխում են Երեւանի զինվորական հոսպիտալ

Armenpress 12:10, 10 Մայիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոտան-Գորիս ավտոճանապարհային պատահարի արդյունքում տուժած ՊՆ թիվ զորամասի զինծառայող, ենթասպա Բ. Մանուչարյանին տեղափոխում են Երեւանի զինվորական հոսպիտալ: Զինծառայողը մայիսի 9-ի երեկոյան տեղափոխվել էր Գորիսի բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գորիսի բժշկական կենտրոնի  վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Գոռ Շեկունցը, տուժածը երեկ երեկոյան հիվանդանոց էր տեղափոխվել տրավմատիկ շոկային վիճակում: Կատարվել են հակաշոկային միջոցառումներ, անցկացվել է հետազոտություն: «Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում, իրավիճակը կայուն ծանր է»,- ասաց Գոռ Շեկունցը: Վիրաբույժը նաեւ տեղեկացրեց, որ զինծառայողն ունի վերջույթների կոտրվածքներ: Տուժածը զինվորական հոսպիտալում առնվազն մեկ ամիս կմնա:  

Մայիսի 9-ին ժամը 18.17-ին ահազանգ է ստացվել, որ Որոտան-Գորիս ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռ չբացահայտված հանգամանքներում Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 01 ԼՏ 450 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը (մոտ 30 մ): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գորիս քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, ենթասպա` 1970 թ. ծնված Բ. Մանուչարյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:                                                                   Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, կապիտան` 1964 թ. ծնված Վ. Մարգարյանի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am