«Հետահայաց». Մայիսի 1. աշխատանքի եւ խաղաղության յուրահատուկ տոնի պատմությունն ու ներկան

Armenpress 11:19, 29 Ապրիլ, 2013

Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է մայիսի 1-ին, որը, բացի գարնան զարթոնքի ու հաղթանակների ամսվա առաջին օրը լինելուց, հայտնի է որպես Աշխատավորների միջազգային օր: Այն պատմության մեջ մտել է 1886 թվականից: Այդ ժամանակ էր, երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց` պահանջելով հստակեցնել 8 ժամանոց աշխատանքային գրաֆիկ: 1889 թ-ին Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել, երթեր ու հանրահավաքներ անցկացնել: Դրանից հետո տարբեր պետություններ սկսեցին այդ օրը ներառել իրենց տոնացույցերում եւ բազմապիսի միջոցառումներ կազմակերպել` ամենատարբեր մաշտաբներով: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով ներկայում էլ ոչ աշխատանքային մայիսի մեկը նշվում է որպես Աշխատանքի օր:   

Եթե որեւէ մեկը շքերթներին չէր հրավիրվում, լուրջ նեղացկոտություն էր լինում: Բոլորն էին ցանկանում մասնակցել այդ տոնին. Ռուբեն Թովմասյան 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 1-ը Խորհրդային միությունում, նաեւ Խորհրդային Հայաստանում հիմնական տոներից մեկն էր: Օրն իսկապես համարվում էր աշխատանքի եւ խաղաղության տոն, որի զգացողությունն ունեին գրեթե բոլոր աշխատավորները: Հանրապետության տարբեր քաղաքներում անցկացվում էին շքերթներ, համագումարներ, այլ միջոցառումներ: Խորհրդային մամուլի գլխավոր էջերում տոնի լուսաբանմանը նվիրված տարբեր հոդվածներ էին գրվում:

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին օրվա հետ լավագույն հիշողություններն են կապում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբեն Թովմասյանը պատմեց, որ պատանի տարիներից սկսած միշտ եղել է մայիսմեկյան եւ այդ օրը կազմակերպվող տոնակատարությունների հորձանուտում: «Պատասխանատու աշխատանքի անցնելուց հետո եղել եմ տոնակատարության կազմակերպման ակունքներում: Հիմա էլ իմ աչքի առաջ է, թե ինչպես էին անցնում շարասյուները Լենինի անվան հրապարակով (այժմ` Հանրապետության հրապարակ): Առջեւից գնում էին ամբողջ արտադրական հզորությունը ներկայացնող գործարանների բանվորները եւ զեկուցում, թե ինչ հաջողությունների են հասել: Այնուհետեւ անցնում էին գյուղի աշխատավորները, որոնք զեկուցում էին բերքատվության, կաթնատվության մասին, հետո անցնում էին գիտական բնագավառի աշխատավորները: Հաջորդում էր Գրողների միության անձնակազմը` անվանի գրողների հետ միասին, ուսանողությունը` երգով, պարով, ծիծաղով, մարզիկները: Բոլորը ոտքի վրա էին` տոնելու այդ հիանալի օրը»,- հիշեց Ռուբեն Թովմասյանը:

Նրա կարծիքով` նման մաշտաբով տոնելը նպաստում էր բանվորների, հասարակ մարդու աշխատանքի գնահատման բարձ աստիճան ունենալուն: «Ես հիշում եմ, որ եթե որեւէ մեկը շքերթներին չէր հրավիրվում, լուրջ նեղացկոտություն էր լինում: Բոլորն էին ցանկանում մասնակցել այդ տոնին»,- ասաց նա: 

Կոմունիստները 2013թ. այդ օրը եւս երթ կանցկացնեն, հանրահավաք կկազմակերպեն

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ամեն տարի նշում է այդ տոնը, այս տարի եւս բացառություն չի լինի: Ռուբեն Թովմասյանը տեղեկացրեց, որ իրենք նախատեսում են հավաքվել Արամ Խաչատրյանի արձանի մոտ: Այնուհետեւ նվագախմբի ուղեկցությամբ անցնելու են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, այնուհետեւ կգնան Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյանի անվան փողոցով կշարժվեն դեպի Շահումյանի անվան հրապարակ, որտեղեւ տեղի կունենա հանրահավաքը:

Հայաստանում ապրում է 25 հազար 721 աշխատանքի վետերան 

Աշխատանքի վետերան համարվում են այն մարդիկ, ովքեր ունեն տղամադկանց դեպքում` 40 տարվա աշխատանքային փորձ, կանանց դեպքում` 35: Հայաստանում ապրում է 25 հազար 721 աշխատանքի վետերան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի վետերանների կոմիտեի նախագահ Կառլեն Մարտիրոսյանը, պարտադիր պայման է, որպեսզի այդ տարիներից 15-ը աշխատած լինեն միեւնույն վայրում: Աշխատանքային տարիներին ստացած լինեն պարգեւներ, առանձնացած լինեն աշխատանքային կարգապահությամբ: «Ես ցանկանում եմ, որպեսզի երիտասարդները հետամուտ լինեն կրթվելու, որովհետեւ աշխատանքի վետերաններն ունեն կուտակված աշխատանքային ահռելի փորձ»,- նշեց նա: Կառլեն Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ աշխատանքի վետերանները բավական հաճախ այցելում են կրթական օջախներ, զրույցներ ունենում դպրոցահասակ երեխաների հետ: Նա նաեւ ընդգծեց, որ աշխատանքի վետերաններն անգնահատելի դեր են ունեցել բոլոր ոլորտներում:

Կառլեն Մարտիրոսյանն արձանագրում է, որ թեեւ իրենց աջակցում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, Երեւանի քաղաքապետարանից, այնուամենայնիվ, դա բավական չէ: «Անհրաժեշտ է նաեւ գործարարների աջակցությունը, իսկ այդ պարագայում միայն եզակի բացառություն ունենք»,- ասաց նա` հավելելով, որ ինքը լավատես է. խնդիրները ժամանակավոր են:   

Ամբողջ Հայաստանն այդ օրը միասին էր, ներքին խանդավառություն կար. մոտ կեսդարյա փորձով աշխատանքի վետերան

Աշխատանքի վետերան Արփիկ Իսոյանն ունի 47 տարվա աշխատանքային փորձ: Նրա հիշողությունները շատ վառ են` ինչպես մայիսի 1-ի առնչությամբ, այնպես էլ աշխատանքային տարիների: «Դա իմ նախորդ կյանքն է»,- ուրախությամբ հիշում է նա: Տիկին Արփիկը նաեւ հիշեց, որ միշտ մայիսի 1-ին հրաշալի ոգեւորվածություն է ունեցել: «Ուրախություն էր համատարած: Ամբողջ Հայաստանն այդ օրը միասին էր, ներքին խանդավառություն կար»,- ասաց նա: Արփիկ Իսոյանի կենսաթոշակն այժմ կազմում է 43 հազար դրամ:

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am