Աթենքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Armenpress 21:36, 25 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են Հայոց ցեղասպանության 98-ամյակի հիշատակի միջոցառումները Հունաստանում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` ապրիլի 24-ին Աթենքում Նեա Զմիրնի թաղամասում Հայոց ցեղասպանությանը նվիրված «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որին ներկա էին Հունաստանի հայ համայնքի, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիրնիի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ Հայ առաքելական, ավետարանական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստյան արարողություն կատարեցին: Սրբազան հայրն ընթերցեց Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին վեհափառների համատեղ կոչ-պահանջն` ուղղված Թուրքիային:

Ներկաներին իր խոսքն ուղղեց Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, որը նաև ընթերցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` օրվա առիթով ուղերձը: Հունաստանի կառավարության և վարչապետի կողմից ելույթ ունեցավ Ապակենտրոնացման աշխատակազմի գլխավոր քարտուղար Դիմիտրիոս Կալոգերոպուլոսը: Ելույթներ ունեցան նաև Ատտիկայի մարզպետի տեղակալ Աթանասիոս Կոնդիլիդիսը, Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսը, հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Առաքելյանը: Արարողության ավարտին «Զանգակ» հուշակոթողին դրվեցին ծաղկեպսակներ ՀՀ դեսպանության, ՀՀ Զինված ուժերի, հունահայ համայնքային կառույցների, Հունաստանի կառավարության, Աթենքի նահանգապետարանի և Նեա Զմիրնիի քաղաքապետարանի կողմից: Հնչեցին երկու երկրների պետական օրհներգերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am