1000х90.jpg (78 KB)

Նարեկ Դուրյանի «Դոն Ժուանները Մարսելում»-ը կներկայացվի ԱՄՆ-ում եւ Կանադայում

Armenpress 09:40, 26 Մարտ, 2013

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացումը հնարավորություն կունենան դիտել ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնպես էլ` Կանադայում: Բեմադրությունն իրականացվել է ֆրանսիացի գրող Մարկ Կամոլետտիի «Խավարտ` ֆրանսիական ձեւով» պիեսի հիման վրա: Այն Նարեկ Դուրյանի մեկ այլ բեմականացման` «Don Juan Avia»-ի շարունակությունն է:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նարեկ Դուրյանը, մեծ սպասելիքներով են մեկնում հյուրախաղերի եւ նախատեսում են լինել Գլենդելում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Կանադայում: «Շատ ուրախ եմ, որ կարող ենք մեր նոր աշխատանքը ներկայացնել նաեւ ամերկյան մայրցամաքի մեր հայրենակիցներին»,- ասաց նա: Դուրյանը հիշեցրեց, որ դա ամերիկահայերի հետ իր առաջին հանդիպումը չէ. նախորդ տարի եւս ներկայացմամբ են հանդես եկել, եւ «Ալեքս» թատրոնը երեք բեմականացման ժամանակ էլ լեփ-լեցուն է եղել: Դերասանական կազմը կվերադառնա ապրիլի վերջին, որից հետո կկարողանան կիսվել իրենց ստացած տպավորություններով: «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացման մեջ խաղում են Հրանտ Թոխատյանը, Նարեկ Դուրյանը, Լալա Մնացականյանը, Ստելլա Զեյնալյանը, Շուշանիկ Սահակյանը եւ Հարություն Ավալյանը: ԲԵմադրությունը եւ ադապտացիան կատարել է Նարեկ Դուրյանը: Այն Երեւանում արդեն ութ անգամ ներկայացվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am