Լոնդոնում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը

Armenpress 09:48, 15 Մարտ, 2013

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐԵՄՆՊՐԵՍ: Լոնդոնում մեկնարկում է ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Շախմատային թագի համար միմյանց հետ պայքարելու են աշխարհի 8 ուժեղագույն շախմատիստներ, ովքեր մարտի 15-ից ապրիլի 1-ը խաղատախտակի 64 վանդակների «օգնությամբ» կչափեն իրենց ուժերը: Նրանցից յուրաքանչյուրը հավակնում է մրցելու աշխարհի չեմպիոն Վիշվանթան Անանդի հետ:

 

Լեւոն Արոնյան. Ծնվել է 1982 թվականին Երեւանում: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում է, ունի 2908 միավոր: Ներկայացնում է Հայաստանը: 2008-2010 թթ. հաղթել է Գրանդ պրիում: 2006 եւ 2007 թվականների Chess960 ձեւաչափով դարձել է աշխարհի չեմպիոն: 2009 թվականին արագ շախմատի, իսկ 2010-ին` կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն է: 2012 թվականի վերջերին Լոնդոնի «Դասական շախմատ»-ի մրցաշարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Հաղթել է Լինարեսի (2006թ.), Վեյկ Ան Զեեի, (2007թ., 2008թ., 2012թ.) մրցաշարերում, Տալի հուշամրցաշարում (2006թ., 2010թ., 2011թ.), Բիլբաոյի Սուպեր եզրափակչում (2009թ.): Լևոն Արոնյանը շախմատային Օլիմպիադայի եռակի հաղթող է (2006թ., 2008թ., 2012թ.), աշխարհի թիմային առաջնության չեմպիոն:          

 

Մագնուս Կարլսեն. Ծնվել է 1990 թվականին նորվեգական Տյոնսբերգ քաղաքում: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի ռեկորդակիր է, ունի 2872 միավոր: Ներկայացնում է Նորվեգիան:  13 տարեկան 148 օրականում ստացել է գրոսմայստերի կոչում: Հաղթել է Լոնդոնի «Դասական շախմատ»-ի մրցաշարում(2009թ., 2010թ., 2012թ.), Վեյկ Ան Զեեում (2008թ., 2010թ., 2013թ.), Տալի հուշամրցաշարում` (2011թ., 2012թ), Նալչիկում (2009թ, 2010թ.) եւ Բիլբաոյի սուպեր մրցաշարում (2011թ., 2012թ.):

 

Վլադիմիր Կրամնիկ. Ծնվել է 1975 թվականին Ռուսաստանի Տուապսե քաղաքում: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 2-րդ տեղում է, ունի 2810 միավոր: Ներկայացնում է Ռուսաստանը: 2000 թվականի օգոստոսին հաղթելով Գարրի Կասպարովին` Կրամնիկը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, որը պահպանել է մինչեւ 2007 թվականը: 2004 թվականին Շվեյցարիայում մրցելով Պետեր Լեկոյի հետ` Կրամնիկը պահպանել է չեմպիոնական կոչումը: Հաղթել է Լինարեսի մրցաշարում (2000թ., 2003թ., 2004թ.), Դորտմունդում (10 անգամ), Վեյկ Ան Զեեում (1998թ.), Տալի հուշամրցաշարում (2007թ., 2009թ.), Լոնդոնի «Դասական շախմատ»-ի մրցաշարում (2011թ.), Բիլբաոյի սուպեր մրցաշարի եւ Օլիմպիադայի հաղթող է (2002թ.):

 

Բորիս Գելֆանդ. Ծնվել է 1968  թվականի բելառուսական Մինսկ քաղաքում, ներկայացնում է Իսրայելը: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 18-րդն է, ունի 2740 միավոր: 2012 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Գելֆանդը հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ զիջել է ամերիկացի Գատա Կամսկուն: Հաղթել է Բիելի (2005թ.), Թիլբուրգի (1996թ.), աշխարհի գավաթի (2009թ.) խաղարկությունում եւ հավակնորդների մրցաշարում (2011թ.):

 

Վասիլի Իվանչուկ. Ծնվել է1969 թվականին ուկրաինական Տերնոպոլի երկրամասի Կոպիչնիցա քաղաքում: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 13-րդն  է, ունի 2757 միավոր: Ներկայացնում է Ուկրաինան: 2007-2008 թվականներին դարձել է աշխարհի կայծակնային առաջնության չեմպիոն: 1992 եւ 2010 թվականներին հաղթել է Ամբերի արագ շախմատի եւ Բլինդֆոլդի շախմատային մրցաշարերում: Հաղթանակ է տոնել նաև Լինարեսի (1989թ., 1991թ., 1995թ., 2009թ.), Վեյկ Ան Զեեի (1996թ.), Տալի հուշամարցաշարում, (2008թ.), M-Տել-ում (2008թ.), Բիլում (1989թ.), Կապաբլանկայում (2005թ., 2006թ., 2007թ., 2010թ., 2011թ., 2012թ.):

 

Ալեքսանդր Գրիշչուկ. Ծնվել է 1983  Մոսկվայում: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի տասներորդ հորիզոնականում է: Բլից շախմատի աշխարհի գործող չեմպիոնն է: 2011 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում Գրիշչուկը զիջել է Պետեր Սվիդլերին:  Հաղթել է Լինարեսի (2009թ.) մրցաշարում, բլից շախմատի աշխարհի չեմպիոն է (2006թ., 2012թ.) եւ Ռուսաստանի առաջնության հաղթող (2009թ.):

 

Պետեր Սվիդլեր. Ծնվել է 1976 թվականին Սանկտ-Պետերբուրգում: Ներկայացնում է Ռուսաստանը: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 14-րդն է, ունի 2747 միավոր: 2001  թվականի աշխարհի առաջնությունում Սվիդլերը պայքարով հասել է մինչեւ կիսաեզրափակիչ: 2011 թվականին հաղթելով Ալեքսանդր Գրիշչուկին` Սվիդլերը դարձել է շախմատի աշխարհի գավաթակիր: Հաղթել է Ջիբրալթարի մրցաշարում (2009թ.), աշխարհի գավաթի խաղարկությունում (2011թ.), «Մայնց chess960» մրցաշարում (2003թ., 2004թ., 2005թ.): 

Թեմուր Ռաջաբով. Ծնվել է 1987 թվականին Բաքվում: Ներկայացնում է Ադրբեջանը: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 4-րդ է, ունի 2793 միավոր: Հաղթել էՎեյկ Ան Զեեի (2007թ.) մրցաշարում, Եվրոպայի թիմային առաջնության հաղթող է (2009թ.), Էլիստրա Գրանդ պրիի մրցանակակիր (2008թ.):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am