Լեգենդար ջազմեն Գեորգի Գարանյանի կինը պատմել է ամուսնու` Հայաստանի հանդեպ ունեցած սիրո մասին

Armenpress 10:19, 12 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեորգի Գարանյան անունը աքակտելիորեն կապված է խորհրդային ջազի հետ: Լեգենդար սաքսոֆոնահարի հեղինակած երաժշտությունը հնչում է 50-ից ավելի ֆիլմերում: Չնայած նրան, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստը 2010 թվականին 75 տարեկան հասակում սրտի կաթվածից հեռացավ կյանքից, սերունդներին թողած նրա երաժշտական ժառանգությունը անգնահատելի է: «Հայկական ջազ 70» փառատոնի կազմկամիտեի նախագահ Լեւոն Մալխասյանի նախաձեռնությամբ 2008 թվականին Գարանյանը եկավ Երեւան` ելույթ ունենալով հայ անվանի ջազմենների հետ: 2008 թվականին ստեղծվեց լեգենդար երաժիշտի անունը կրող հիմնադրամը, որի նպատակն է ջազային արվեստի զարգացման համար տարբեր ստեղծագործական ծրագրերի իրականացումը: Գարանյանի կյանքից վաղաժամ հեռացումը խոչընդոտ չհանդիսացավ, հիմնադրամի համար իր ծրագրերը հաջողությամբ շարունակելու գործում: Հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ Գարանյանի Հայաստանի հանդեպ ունեցած սիրո մասին «Արմենպրես»-ի թղթակցը զրուցել է Գարանյանի տիկնոջ` Նելլի Գարանյանի հետ:

-2012 թվականի վերջին Գեորգի Գարանյանի անվան հիմնադրամը եւ երաժշտական գործքիների «Ակորդ» սրահը համատեղ իրականացրին ակցիա` ուղղված Ռուսաստանի ռեգիոնալ երաժշտական գրադարանների աջակցմանը: Արդյո՞ք կունենա հիմնադրամը առաջիկայում ծրագրեր կապված Հայաստանի հետ:

-Մենք, իհարկե, մեծ սիրով ցանկություն ունենք աշխատելու Հայաստանի հետ, պարզապես խնդիրն այն է, որ կա նախաձեռնության պակաս: Ես անձամբ չունեմ որեւէ կոնտակտ Հայաստանի հետ: Եվ չնայած նրան, որ դա Գերորգիի երազանքն էր` ինձ տանել Հայաստան եւ ցույց տալ ամեն ինչ: Մենք մեծ սիրով ցանկություն ունենք համագործակցելու հայ մշակութային, հասարակական, պետական գործիչների հետ, հանդես գալ համերգներով: Ի վերջո, «Գարանյան» ազգանունը կրող ընտանիքը չի կարող դեմ լինել Հայաստանի հետ համագործակցությանը: 

-Գեորգի Գարանյանի ղեկավարած Big Band-ը Ռուսաստանի ամենալավ ջազային նվագախմբերից մեկն է: Ինչպե՞ս է այն այժմ շարունակում իր ստեղծագործական գործունեությունը Ձեր ամուսնու մահից տարիներ անց, ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել:

-Նրա երկու` Կրասնոդարի եւ Մոսկվայի Big band-երը շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը: Իհարկե, ոչ այնպես, ինչպես իր կենդանության օրոք, եւ դա բնական է, այնուամենայնիվ, նրանք շարունակում են պահպանել իրենց մակարդակը: Բենդերի ողջ երգացանկը Գեորգիի կողմից գրված օրիգինալ պարտիտուրներ եւ գործիքավորումներ են: Գեորգին այն ոչ մեծամասնություն կազմող ջազ բենդերի լիդերներից էր, ով գործիքավորում էր նաեւ: Նա կարողանում էր համատեղել մի շարք մասնագիտություններ, բազմաթիվ տաղանդներ: Նա հսկայական ժառանգություն է թողել եւ այսօր երկու բենդերն էլ արժանիորեն ելույթներ են ունենում` հանդես գալով համերգներով, հյուրախաղերով: Դրանք բրենդային կոլեկտիվներ են, որոնք շարունակում են մնալ այդպիսին:

-2012 թվականի օգոստոսին` Մոսկվայի Վագանկովսկու գերեզմանատանը բացվեց Գեորգի Գարանյանի արձանը: Ինչպե՞ս առաջացավ այն արձանի գաղափարը, որտեղ լեգենդար ջազային երաժիշտը հանդես է գալիս ոչ թե իր ավանդական «սմոքինգով», այլ ջինսերով եւ վերնշապիկով:

-Ես արձանը լավ եմ գնահատում: Մենք ջանում էինք հասնել նմանության: Արձանի քանդակագործը` Լեւ Մատյուշինը տարբեր լուսանկարներ եւ վիդիոնյութեր էր դիտել, եւ գտել էր մի լուսանկար` արված Մոսկվայում կայացած ջազային փառատոնի ժամանակ, որտեղ Գարանյանի ձեռքերը վեր են պարզած: Մատյուշինն ասաց, որ ցանկանում է հենց ոչ ֆորմալ արձան նախագծել եւ այսպես էլ առաջացավ այդ գաղափարը: Իհարկե կային մարդիկ, ովքեր առարկում էին, քանի որ չէին պատկերցնում Գարանյանին առանց «սմոքինգի», թիթեռի, սակայն արձանը իր վերջնական արդյունքում դուր եկավ բոլորին եւ անգամ շրջանառվում է կարծիք, որ այն ոչ միայն Գարանյանի արձանն է, այլեւ խորհրդանիշն է ողջ խորհրդային ջազի:

-«Նայեք իմ քթին, եւ ամեն ինչ պարզ կդառնա իմ կենսագրության հայկական բաղկացուցիչի մասին»,- հարցազրույցներից մեկում նշել էր Գարանյանը` հավելելով որ վարպետորեն կարողանում է պատրաստել հայկական ավանդական տոլմա: Ի՞նչ հայկական ավանդույթներն են պահպանվում Ձեր ընտանիքում առ այսօր:

-Տոլմա պատրաստելու հարցում ես իհարկե նրա հետ մրցակցել չէի կարող, բայց բազմիցս տեսել եմ թե ինչպես էր նա պատրաստում այս հայկական ճաշատեսակը, եւ ես, նույնպես փորձելով կրկնօրինակել, վերհիշելով պատրաստում եմ տոլմա: Միշտ ուշադիր լսում եմ այն բոլոր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Օրինակ, Սեգեյ Մանուկյանը մեր սիրած երաժշիտն է, եւ Գեորգին շատ էր ասում, որ նա այն հազվագյուտ երաժիշտներից է, որը աշխատում է համաշխարհային մակարդակում: Գուցե այն ավանդույթները, որոնք այսօր պահպանվում են հայկական հեռավոր կամ խուլ գյուղերում մեր ընտանիքում չկան, որովհետեւ մեր ընտանիքը ժամանակակից է, սակայն, այդուհանդերձ, ինչ վերաբերում է հայկական ատրիբուտիկային, ապա այդ ամենն անշուշտ առկա է մեր ընտանիքում: Երկու նկար ունենք մեր տանը, որտեղ պատկերված է Արարատ լեռը: Իրականում նա շատ նրբորեն էր վերաբերում իր հայկական արմատներին, եւ շատ ու շատ սիրում էր Հայաստանն ու այն ամենը, ինչ կապված է Հայաստանի հետ: Նրա երազանքներից մեկն էր տանել Հայաստան իր նվագախումբը եւ ներկայացնել այն տեղի հանդիսատեսին: Այդ պատճառով մենք պետք է պահպանենք այն, ինչ ունենք, իսկ եթե առաջիկայում առաջանան համագործակցության նոր եզրեր, ապա մենք միայն ուրախ կլինենք: Տարիներ առաջ Գեորգին անգամ գովազդում էր հայկական կոնյակ, դա ակցիա էր, երբ «Արարատ» ապրանքանիշի կոնյակը ներառեց ամենահայտնի հայերից վեցին, այդ թվում` Ջիգարխանյանին, Շահնազարովին, այլոց, պատվիրելով իրենց հեղինակել կարգախոս, որը հայտնվել էր բաժակների վրա: Հեղինակների ինքնագրերով այդ անվանական բաժակները խնամքով պահպանվում են մեր տանը, նա ոչ մեկին չէր թողնում խմել դրանցով:

-Կա հայերեն արտահատություն, որը ասում էր Ձեր ամուսինը Ձեզ դիմելիս:

 -Նա ասում էր «ցավդ տանեմ»: Ես հասկանում եմ, որ դա ողջունելու ձեւ է հայերենով:

Զրուցեց Տաթեւիկ Գրիգորյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am