Հանրային խորհրդի որոշմամբ` Դիլիջանի կոմպոզիտորների տունը կկոչվի Էդվարդ Միրզոյանի անունով

Armenpress 21:12, 24 Հունվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի որոշմամբ` Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը կանվանվի  կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունով: Այս մասին հունվարի 24-ին հրավիրված նիստում որոշեցին Հանրային խորհրդի և ՀՀ Կոմպոզիտորների միության անդամները:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի կարծիքով` Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունն Էդվարդ Միրզոյանի անունով կոչելը կլինի «անկեղծ և ճիշտ մոտեցում»: «Այնտեղ են գրվել հայ կոմպոզիտորների բազում ստեղծագործություններ, իսկ այդ ամենի հիմքը դրել է կոմպոզիտորը, և ամեն ինչ կապված է նրա անվան հետ: Այդ շենքի յուրաքանչյուր քարից, թփից ու ծառից Միրզոյանի շունչն է գալիս: Եվ վերջապես նրա շնորհիվ կառուցվեց այդ շենքը»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց Մարտին Վարդազարյանը: Հանրային խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկեցին այս գաղափարին:Հանրային խորհրդի նիստի օրակարգի երկրորդ հարցը Երևանի թիվ 44 դպրոցը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխիկյանի անունով կոչելն էր: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ այդ հարցը քննարկվել է: «Շատերի կարծիքով` մի շարք այլ նկարիչներ էլ կան, որոնց անուններով ևս պետք է լինեն դպրոցներ։ «Կարևոր է, որ անվանակոչվեն հիմնականում արվեստի դպրոցները»,- ասաց Աղամյանը։Անվանակոչության վերաբերյալ այս առաջարկը նույնպես ընդունվեց միաձայն։

Օրակարգում էր նաև բարերար, հայ նշանավոր գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի անվան թանգարան ունենալու հարցը: Բարերարի ծոռան` Նինա Մանթաշյանցի կարծիքով` դրա համար անհրաժեշտ է իրավական կարգավիճակ և ֆինանսական օժանդակություն: Իսկ տարածքն արդեն կա. տրամադրել է մասնավոր բուհերից մեկի ռեկտորը: Հանրային խորհուրդն ընդունելի է համարում թանգարան ունենալու պահանջն ու գաղափարը, սակայն մնացած հարցերում օժանդակել ու ընդառաջել դեռ չի կարող։ Օրակարգի այս հարցը ևս ընդունվեց նիստի մասնակիցների կողմից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am