1000х90.jpg (78 KB)

Հայաստանում վաճառվող անվտանգ խաղալիքներն իտալականներն են, վտանգավորները չինականներն են

Armenpress 14:27, 12 Դեկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թույներից ազատ խաղալիքներ» ծրագրի իրականացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայկական արտադրության 68 խաղալիքի շուրջ 20 տոկոսը պարունակում է առնվազն մեկ ծանր մետաղ: Այս մասին դեկտեմբերի 12-ին հրավիրված ասուլիսում ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության Էկոլոգիական ռիսկերի բաժնի վարիչ Լիլիկ Սիմոնյանը: «Ծրագրի շրջանակներում մենք հանդիպում ենք ծնողների հետ, այցելում ենք մանկապարտեզներ կամ հանդիպումներ ենք ունենում գյուղական միջավայրերում և բացատրում ենք, որ պետք է խաղալիքներ գնելիս ուշադրություն դարձնել դրանց մակնշման վրա ու հետևել անվտանգությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սիմոնյանը:

Հայաստան ներկրված խաղալիքներում եւս առկա են եղել ծանր մետաղներ: Հետազոտվել է Ռուսաստանից, Ղըրղզստանից, Ուկրաինայից, Ղազախստանից և Բելառուսից ներկրված, ինչպես նաեւ չինական եւ իտալական ավելի քան 500 խաղալիքներ, որոնք ձեռք են բերվել բրենդային խանութներից, տոնավաճառներից, խանութներից: Բանախոսի վստահեցմամբ`ամենաանվտանգ խաղալիքները եղել են բրենդային խանութների խաղալիքները: «Հետազոտել ենք իտալական արտադրանքի խաղալիքները, դրանք ամբողջությամբ մաքուր էին, իսկ ամենաշատ ծանր մետաղներ հայտնաբերվել են չինական արտադրության խաղալիքների մեջ»,-ասաց Սիմոնյանը:

Բանախոսը խորհուրդ տվեց ծնողներին` խաղալիքներ գնելիս ուշադրություն դարձնել խաղալիքի վրա անվտանգության մասին նշմանը, թե ինչ նյութեր են պարունակվում, նշված հնարավոր վտանգների մասին, ինչպես նաեւ, թե ինչ հոտ է գալիս խաղալիքից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am