Լույս է տեսել Ռաֆայել Համբարձումյանի «Նժդեհ» խորագրով գիրքը

Armenpress 16:51, 4 Դեկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմաբան, հասարակական գործիչ Ռաֆայել Համբարձումյանը լույս է ընծայել «Նժդեհ» խորագրով գիրքը, որը պատմում է ազգային հերոս Գարեգին Նժդեհի կյանքի եւ գործունեության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեղինակը գրքում հարցուպատասխանի ձեւով ներկայացնում է Գարեգին Նժդեհի համառոտ կյանքը, գործունեության դրվագներն ու գաղափարախոսությունը` նրա աշխատություններից արված մեջբերումներով:

Ժողովածուում զետեղված են Նժդեհի հեղինակած մոտ 450 ասույթներ եւ մտքերը, հայ երիտասարդությանն ուղղված  Նժդեհի պատգամները: Գրքույկն ամփոփում է նաեւ հայոց ազգային գաղափարաբանության էությունը դրսեւորող հեղինակի հիմնադրույթները, որոնք նա կազմել է` հիմք ընդունելով հայության ազգային ավելի քան 4500-ամյա գաղափարաբանությունը կերտող կարեւոր մտքերը` Հայկ Նահապետից մինչեւ Գարեգին Նժդեհ: Գրքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ ներառված են կենսագրական կարեւոր թվեր ու իրադարձություններ, որոնք կապված են Նժդեհի կյանքի եւ գործունեության հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am