Բացվեց ամբողջովին վերակառուցված ԵՃՇՊՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային ավագ դպրոցը

Armenpress 12:43, 9 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ նոյեմբերի 9-ին բացվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Երևանի նախկին թիվ 3 դպրոցն ամբողջությամբ վերակառուցվել է և դարձել ճարտարապետաշինարարական համալսարանի բաղկացուցիչ մասը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշեց, որ նախարարության քաղաքականության նպատակն է ավագ դպրոցները հնարավորինս մերձեցնել բուհերին: «Մի շարք ավագ դպրոցներ հանձնել ենք բուհերին, և դրանք դարձել են բուհական համալիրների բաղկացուցիչ մաս, որտեղ հնարավոր կլինի խորացությամբ ուսանել այն մասնագիտությունների առարկաները, որոնցով պետք է աշակերտներն ընդունվեն բուհ»,-ասաց Աշոտյանը:

Նախարարի տեղեկացմամբ` դպրոցի վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը ստանձնել է ճարտարապետաշինարարակաան համալսարանը, որտեղ ստեղծվել են նախամասնագիտական կրթության ժամանակակից պայմաններ: Համալսարանը ձեռնամուխ է եղել նաև կրթության բովանդակության փոփոխությանը. դպրոցում կիրառվում է խորացված նախամասնագիտական կրթության մոդելը, որտեղ դասավանդում են բուհի լավագույն դասախոսները:

Աշոտյանը վստահեցրեց, որ դպրոցում ամբողջությամբ վերացվել է դրամահավաքը, գրեթե զրոյացվել են կոռուպցիոն ռիսկերը: «Այս ավագ դպրոցը դառնում է բուհական համակարգում գործող կայացած դպրոցներից մեկը: Այստեղ կներդրվի նաև կրեդիտային համակարգ: Ընդհանրապես, համալսարաններին կից ավագ դպրոցները հնարավորություն կունենան աշակերտներին տալ բուհում ճանաչված կրեդիտ, ինչը որոշակի դեր կխաղա ընդունելության ժամանակ»,- նշեց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am