1000х90.jpg (78 KB)

«Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ը Հայաստանում մեծապես նպաստել է համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը. ՀՀ փոխվարչապետ

Armenpress 15:23, 2 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստան»-ը նոյեմբերի 2-3-ը կազմակերպել է «Հանրային երկխոսության և համայնքային զարգացման համաժողով», որի  նպատակն է ներկայացնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցության քառամյա (ՔՀՏԻԱ) ծրագրի միջանկյալ արդյունքները:  

«Քաունթերփարթի հետ 1,5-ամյա համատեղ ինտենսիվ աշխատանքի արդյունքում ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթուղթը, որն աջակցելու է նախարարությանը մշակել իր տարեկան գործողությունների ծրագրերը, հիմք է հանդիսանալու ապակենտրոնացման հետագա քայլերը մշակելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Նրա խոսքով` «Քաունթերփարթ»-ի ծրագրերն իրականացվում են Հայաստանի բոլոր մարզերում, 43 գյուղական և քաղաքային համայնքներում:

«Համայնքներում իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են կյանքի որակի բարելավմանը, բայց ամենակարևորը` քաղաքացիների ու ՏԻՄ-երի միջև վստահության ու համագործակցության մթնոլորտի ձևավորմանն ու քաղաքացիական հասարակության հզորացմանը»,-ասաց նա:

Արմեն Գեւորգյանի խոսքով` «Քաունթերփարթ»-ի հետ գործընկերությունն արգասաբեր ու արդյունավետ է արագ արձագանքման եւ կարիքների ու ճկուն աշխատանքային պլաններում:

«Ծրագրի սկզբից 31 գործընկեր համայնքներում (հիմնականում գյուղական) իրականացվել են շուրջ 52 մլն դրամ արժողությամբ Քաղաքացիական նախաձեռնության և համայնքային զարգացման ծրագրեր և բոլոր 43 համայնքներում՝ շուրջ 178.6 մլն դրամ արժողությամբ ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրեր: 43 ծրագրերից ավարտվել են 25-ը, ընթացքի մեջ են 18-ը: Ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը»,- հավելեց փոխվարչապետը:

ԱՄՆՄԶԳ առաքելության տնօրեն Քերեն Հիլլիարդն իր խոսքում կարեւորեց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության միջև եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը տեղական ինքնակառավարման համակարգի հզորացման ուղղությամբ:

«Հայաստանի համայնքների հաջողությունը հենց Հայաստանի հաջողությունն է: Մեզ համար անսպասելի էին այն նվիրումն ու ջանքերը, որ մեր գործընկեր համայնքները ցուցաբերում են ուժեղ Հայաստան կառուցելու մեր ընդհանուր տեսլականն իրագործելու համար: Վերջին 2 տարիների ընթացքում ավելի քան 6000 մարդ մասնակցել է ռազմավարական պլանավորման համայնքային հանդիպումներին, ինչը միանշանակորեն խոսում է Հայաստանի քաղաքացիների մեծ կամքի մասին»,- ասաց «Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստան»-ի տնօրեն Ալեքս Սարդարը:

«Հանրային երկխոսության եւ համայնքային զարգացման համաժողով»-ն անցկացվում է նոյեմբերի 2-3-ը: Նոյեմբերի 2-ին համաժողովը եզրափակվեց համայնքային բարիքների համտեսի փառատոնով և ցուցահանդեսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am