Արցախցի 750 կամավորներ դոնորագրվել են Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում

Armenpress 11:52, 8 Հոկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի երեք համալսարաններում սեպտեմբերի 27-28-ին իրականացվել է մեծամասշտաբ դոնորագրում: «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի եւ ԼՂՀ առողջապահության նախարարության, գիտության և կրթության նախարարության հետ համատեղ ակցիայի արդյունքում 750 կամավորներ համալրել են Ռեեստրի շարքերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրից:  

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, հիմնադրամի աշխատակիցները, կամավորները և տնօրինությունը սեպտեմբերի 27-ին դոնորագրում են իրականացրել Արցախի պետական համալսարանում:

Հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին, ԼՂՀ առողջապահության նախարարին, համալսարանի տնօրինությանը և դասախոսական կազմին, որին հաջորդել է հիմնադրամի գործունեությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրումը և դոնորագրումը:

Դոնորագրվել են ավելի քան 450 կամավորներ, որոնց թվում էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, գիտության և կրթության նախարար պարոն Սլավիկ Ասրյանը, Արցախի պետհամալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և այլք:       

Սեպտեմբերի 28-ին դոնորագրումները շարունակվել են Ստեփանակերտի Թամար Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջում և Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում, որտեղ դոնորագրվել է 300 կամավոր:

Նույն օրը հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանը և Հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը ԼՂՀ առողջապահության նախարար տիկին Զոյա Լազարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին, ով իր խոսքում ողջունել է հիմնադրամի մարդասիրական և ազգանվեր գործունեությունը ի նպաստ աշխարհասփյուռ հայերի և իր շարունակական աջակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հիմնադրամի նախաձեռնություններին:  

Հիմնադրամի աշխատակազմը հյուրընկալվել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Սրբազան Մարտիրոսյանին: Հանդիսանալով հիմնադրամի վաղեմի բարեկամն ու ջատագովը, Պարգև Սրբազանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել իրականացվող աշխատանքներին:  

Հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանն իր հիացմունքն է հայտնել Արցախի ժողովրդի և մասնավորապես երիտասարդների համախմբվածությանը, միասնականությանը և օգնելու պատրաստակամության հետ կապված: «Այս հիանալի երիտասարդներին շատ է հետաքրքրում մեր աշխատանքը, նրանք տեղին և բովանդակալից հարցեր են ուղղում և անչափ ոգևորված են դանալ ցողունային բջիջների կամավոր դոնոր: Նրանք այնպիսի հպարտությամբ են լցված` ակնկալիքով, որ գուցե նրանցին մեկը կկարողանա փրկել հիվանդի կյանք», - նշել է Ջորդանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am