1000х90.jpg (78 KB)

Մարկ Բրունեն Ֆրանսիայից Հայաստան է եկել հեծանվով` բարեգործական նպատակներով

Armenpress 14:03, 1 Հոկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարկ Բրունե է այն ֆրանսիացու անունը, ով բարեգործական նպատակով իր հայրենիքից Հայաստան է եկել հեծանվով` անցնելով 6000 կմ տարածք: Մարկն իր հեծանվարշավը մեկնարկել է հուլիսի 21-ին` իր հայրենի Վալանս քաղաքից: Ճանապարհորդությունն անցել է ավելի քան տասը երկրներով` Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա եւ Վրաստան: Արշավի հենց սկզբից Բրունեն ճամփորդել է մենակ եւ առանց որեւէ մեկի աջակցության, քնել է իր վրանում կամ ճանապարհին հանդիպած պատահական մարդկանց տներում: Սեպտեմբերի 26-ին Բրունեն հյուրընկալվել է Իջեւանում, որը Վալանսի քույր քաղաքն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բրունեն, Հայաստանն իր համար հոգեհարազատ իրողություն է, սակայն արդեն դժվարանում է հիշել, թե առաջին անգամ Հայաստանի մասին որտեղ է լսել կամ կարդացել: «Ես հայ ժողովրդի կողմից նմանատիպ ընդունելության եւ խանդավառության մասին երազել անգամ չէի կարող: Նախնական մոտիվացիայի գաղափարը եւ շահագրգռվածությունն արդեն իսկ կար, եւ դա արդեն բավական էր»,- ասաց նա:

Մարկ Բրունեն Ֆրանսիայում ունի ձայնագրման ստուդիա, նա նաեւ սիրողական մարզիկ է: Մարկն այս ճամփորդությունը ձեռնարկել է ոչ միայն որպես սպորտի սիրահար: Նրա նպատակը մարդասիրական է` ճամփորդության ընթացքում նա միջոցներ է հայթայթել Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» եւ «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն» կազմակերպությունների համար, որոնք արդեն 20 տարուց ավելի միասին աշխատում են Հայաստանում: Հավաքված գումարները կօգտագործվեն Շիրակամուտ գյուղի «Արեւիկ» մանկապարտեզի ջեռուցման համակարգը  հիմնանորոգելու համար: «Իմ արածը սխրանք չէ, ես միայն հեծանիվի ոտնակներն եմ սեղմել, իսկական սխրանք իրագործեցին այն մարդիկ, ովքեր տրամադրեցին այդ գումարները: Ընդհանուր առմամբ` հավաքվել է մոտ 10 հազար դոլար»,- ասաց Բրունեն: Նա չմոռացավ նշել նաեւ, որ ուղղակի հիացել է Հայաստանի բնությամբ, տեսարժան վայրերով: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն Բրունեի արածն իսկական սխրանք համարեց, իսկ իրականացրած առաքելությունը` կապող օղակ Վալանսի եւ Երեւանի միջեւ: Մարկ Բրունեն անպայմանորեն կրկին կվերադառնա Հայաստան` նորանոր բացահայտումների նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am