Մանկական երկաթուղին վերաբացվեց նորոգումից հետո
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Մանկական երկաթուղին նորոգումից հետո վերաբացվեց օգոստոսի 2-ին: 1937 թվականի հունիսի 9-ից գործող երկաթուղու հիմնանորոգումն իրականացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ «ՀԿԵ»-ն` լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն, իր վրա է վերցրել մանուկների անվտանգ եւ հարմարավետ հանգստի կազմակերպման եւ ժամանցի գոտու վերականգնման պարտավորությունները: «Կարեւորն այս պատմական վայրում երեխաների ներկայությունն է, ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս երկաթուղին պետք է քաղաքին: Մենք նոր որակ փորձեցինք հաղորդել մանուկների այս սիրելի վայրին»,-ասաց նա:
Երկաթուղու հիմնանորոգման ծրագիրը քաղաքային ենթակառուցվածքի զարգացումը խթանելու ուղղություններից է, որն ընթանում է 2011 թվականին ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Մանկական երկաթուղում վերականգնողական աշխատանքներն անցկացվում են երկու փուլով: Առաջին փուլում իրականացվում են կայարանների, շարժակազմի եւ գծերի նորոգման եւ արդիականացման աշխատանքները, երկաթուղու անվտանգության ապահովման միջոցառումները:
Մասնավորապես ` «ՀԿԵ»-ի մասնագետները վերանորոգել են Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը, երեք ամառային վագոնները: Ռեբեցը տեղեկացրեց, որ իրականացվում է նաեւ երկաթուղու 1,2 կմ գծերի նորոգումը, մոտակա տարածքների բարեկարգումը: «Մենք հույս ունենք, որ թե այգու տնօրենության, թե քաղաքային իշխանությունների հետ մեր համագործակցությունը շարունակական կդառնա եւ կշարունակենք կատարել երեխաների ուրախ եւ ապահով ժամանցի ապահովմանն ուղղված աշխատանքներ»,- հավելեց ընկերության տնօրենը:
Ծրագրի առաջին փուլը կավարտվի մինչեւ Երկաթուղայինների օրը, որն այս տարի նշվում է օգոստոսի 5-ին: Մանկական երկաթուղում գործում է երկու կայարան (Հայրենիք եւ Պիոներական), մեկ կառամատույց (Ուրախություն) եւ 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել: Երկաթուղու նորոգված վագոններով առաջին ուղերթին մասնակցելու հնարավորություն ունեցան նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: