Միջազգային դիտորդները հաճելիորեն զարմացած են ԼՂՀ ընտրությունների ընթացքից

Armenpress 19:23, 19 Հուլիս, 2012

Արցախում այսօր ընթանում են նախագահական հինգերորդ ընտրությունները: ԼՂՀ-ում, ինչպես և Հայաստանում  իշխանության ղեկավարի փոփոխությունը տեղի է ունենում սահմանադրական կարգով և ժողովրդավարական նորմերին համապատասխան: Երկու հանրապետություններում էլ միայն մեկ անգամ են տեղի ունեցել արտահերթ ընտրություններ, և դրանք ևս բավականին հանգիստ են անցել:

Ղարաբաղյան ընթացիկ նախագահական ընտրությունները տարբերվում են նրանով, որ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և ընտրատարածքային հանձնաժողովները շատ լավ են պարտրաստված, որով և հաճելիորեն զարմացրել են միջազգային դիտորդներին: Ավստրիայից Եվրախորհրդի պատգամավոր Յոհան Ստադլերը նշեց, որ հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալիզմն ուղղակի հիացնում է: «Մենք նման բան ակնկալում էինք, բայց նրանք իսկապես կեցցեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

«Արմենպրես»-ի թղթակիցը եղել է Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում և Ասկերանում` անձամբ ծանոթանալու միջազգային փորձագետների  գնահատականներին: Ընտրություններն իսկապես անցնում են խաղաղ պայմաններում և որևէ իրավախախտում չի արձանագրվել: Ամեն ընտրատեղամասում երկու-երեք ոստիկաններ են հերթապահում, կա նաև Շտապ օգնության մեքենա: Ժողովուրդը քվեարկում է իր ապագայի համար` շատ լավ իմանալով, որ հենց դրանից է կախված Արցախի հետագա զարգացումը: Ողջ օրվա ընթացքում գործող իշխանության հասցեին որևէ դժգոհ արտահայտություն կամ հարձակում չի եղել: Պետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրեն հաշիվ է տալիս, որ եթե երկրում ներքաղաքական լարվածություն է առաջանում, դրանից թշնամին անպայման օգտվում է: Նշենք նաև, որ բնակչությունն ակտիվորեն քվեարկում է, բայց մասնակիցներից ոչ ոք չի նշել, թե ում է տվել իր ձայնը:

Դիտորդները նշել են, որ իրենք հաճելիորեն զարմացած են ընտրությունների ընթացքից: Նրանց բնորոշմամբ` իրենք եկել են ոչ թե ցույց տալու` ինչպես «ապրել», այլ ուղղակի օգնելու երիտասարդ ժողովրդավարական հանրապետությանը` հեշտ հաղթահարել աճի անխուսափելի ցավերը:

Հատկապես պետք է նշել մամուլի կենտրոնների կազմակերպվածության բարձր մակարդակի մասին: Լրագրողներին տեղեկատվությունը տրամադրվում է ժամանակին, սրահում տեղադրված են տասը համակարգիչներ, համացանցը շատ լավ գործում է: Սրանք գուցե մանրուքներ թվան, բայց հենց դրանցից է ստեղծվում ընտրությունների կազմակերպման ընդհանուր տպավորությունը:

Ժամը 20.00-ին կփակվեն ընտրական տեղամասերը, կսկսվի ձայների հաշվարկը: Նախնական արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 20-ի առավոտյան: Միևնույն ժամանակ հայտարարություններվ հանդես կգան դիտորդական խմբերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am