Վայրագությունը կուսակցական պատկանելություն չի ճանաչում. Էդուարդ Շարմազանով

Armenpress 14:43, 4 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բոլոր քաղաքական որոշումներին, նախաձեռնություններին եւ գնահատականներին դրական է վերաբերվում: Ազգային ժողովի չորս` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ ազգային կոնգրես եւ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունների նախաձեռնության մասին խոսելով` այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուրարդ Շարմազանովը:

«Տվյալ խմբակցությունների իրավունքն է դիմել կամ չդիմել ԱԺ նախագահին, ով, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, կորոշի` ինչ եզրահանգման գալ: Առանց որեւէ մեկին ակնարկ անելու ուզում եմ նշել, որ նմանատիպ ոճրագործությունը, վայրագությունը պետք է դատապարտվի, այդ թվում քաղաքական ուժերի կողմից, սակայն չպետք է այնպես անել, որ քաղաքական ենթատեքստ տրվի այդ ամենին»,-նշեց Շարմազանովը: Նրա խոսքով` վայրագությունը կուսակցական պատկանելություն չի ճանաչում, եւ վայրագության համար պայքարը կուսակցությունների սրտեր շահելու տեղ չէ:

«Կուսակցությունը բազմաթիվ անգամ նշել է, որ վստահում է իրավապահ մարմինների աշխատանքին եւ հավատում ոստիկանապետի խոսքին, որ խնդիրը պետք է լուծվի օրենքի ողջ խստությամբ: Գործը գտնվում է պետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, եւ Նախագահի հետ զրույցից հետո Ռուբեն Հայրապետյանը որոշում ընդունեց վայր դնել պատգամավորական մանդատը: Ավելին` հանրապետականները շատ խիստ են դատապարտել այդ դեպքերը»,-նկատեց ՀՀԿ մամլո խոսնակը: Շարմազանովը դժվարացավ պատասխանել խմբակցությունների դիմումի հիման վրա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում կկազմակերպի հանդիպում, թե` ոչ, սակայն նշեց, որ խորհրդարանն ունի վերահսկողական գործառույթ եւ առաջին անգամ չէ, որ նման հանդիպումներ են կազմակերպվել: «ՀՀԿ-ն երկրում քաղաքական գործընթացների պատասխանատուն է և ժողովդրավարական բարեփոխումների առաջին կողմնակիցը: Այն առաջինն է լինելու վատ երեւույթների քննադատողը»,-շեշտեց Շարմազանովը:

Հուլիսի 4-ի առավոտյան ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն», ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես դիմում են փոխանցվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նրանք առաջարկում են սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում «Հարսնաքար»-ի գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու եւ հարցադրումներին պատասխանելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am