Հասարակության անտարբերությունը հանգեցնում է ինքնասպանության դեպքերի ավելացմանը

Armenpress 13:06, 19 Հունիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Հայաստանում ինքնասպանությունների թվի ավելացման պատճառը,  բացի սոցիալական  եւ հոգեբանական խնդիրներից, տարբեր կրոնական կազմակերպությունների ինքնասպանամետ   գաղափարախոսությունն է:

«Ինքնասպանության պատճառը հաճախ հոգեկան կամ հոգեբանական լուրջ խանգարումներն են»,- «Արմենպրես»-ի  փոխանցմամբ հունիսի 19 –ին հրավիրված ասուլիսում ասաց թիվ 2 բուժմիավորման հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Սոցիոլոգ Ահարաոն Ադիբեկյանի խոսքով, եթե ինքնասպանություն կատարածների 100-ից 80-ը ստանային  մասնագիտական` հոգեբանական աջակցություն, ապա չէին դիմի այդ քայլին: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում տարեկան ինքնասպանություն է կատարում մոտ 1 միլիոն 200 հազար մարդ, ինչը «լուրջ, մտածելու տեղիք տվող ցուցանիշ է»:

«Ինքնասպանության հիմնական պատճառը`  պատժից խուսափելն է, ինքնասպանությունների աճին բերում են նաեւ չկատարված իղձերը, տնտեսական ճգնաժամերը »,- շեշտեց Ադիբեկյանը: Համաձայն համաշխարհային վիճակագրության` ինքնասպանության պատճառները հիմնականում նույնն են , սակայն սոցիոլոգը կարծում է, որ  Հայաստանում արդիական է ծնողների անտարբերությունը երեխայի` որպես մարդ ձեւավորման գործում: Բանախոսները, հատկապես  դեռահասներին ինքնասպանություններից հետ պահելու համար առաջարկում են իրենց «բաղադրատոմսը», որն է` «ընտանիքում տիրող սիրո եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ապահովումը»:

«Մենք իրավունք չունենք դատապարտել այս մարդկանց, պարզապես պետք է սրտներս չփակենք եւ մեր հնավորությունների սահմաններում օգնենք նրանց»,- պարզաբանեց Ադիբեկյանը: Նրա խոսքով` կանայք ավելի հակված են դիմելու ինքնասպանության, մասնավորապես` ծննդաբերությունից, հղիության արհեստական ընդհատումից հետո, ինչպես նաեւ դաշտանային ցիկլի շրջանում, իսկ տղամարդիկ այդ քայլին են գնում առավելապես ֆինանսական խնդիրների պատճառներով:

 Համաձայն պաշտոնական վիճակագրության` 2011 թվականի ընթացքում գրանցվել է ինքնասպանության 195 դեպք, 2010-ին`  220: Հայաստանն ինքնասպանություն գործած երկրների ցանկում գրավում է 86-րդ տեղը` Վրաստանից հետո եւ Ադրբեջանից առաջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am