Թուրքիայում երբեմնի հզոր զինվորականության խավը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ

Armenpress 14:25, 15 Հունիս, 2012

Թուրքական սահմանադրությամբ աշխարհիկ համարվող Թուրքիայի Հանրապետությունում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) ունի ընդամենը 11 տարվա պատմություն: Թվում է, թե 11 տարին բավական կարճ ժամանակահատված է կուսակցության համար` կայանալու և երկրում իր հաստատուն խոսքն ունենալու համար, սակայն ԱԶԿ-ն ոչ միայն ամրապնդեց իր դիրքերը երկրում և իր խոսքը լսելի դարձրեց, այլև ընդամենը տասը տարի գտնվելով իշխանության ղեկին` աստիճանաբար սկսեց փոխել 70-ամյա պետության սկզբունքները:

Թուրքիայում մշտապես գերակա են եղել հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հռչակած սկզբունքները, որոնցից կարևորագույնը լայիցիզմի` աշխարհիկության սկզբունքն է: Երկրում այս սկզբունքի պահպանման երաշխավորը զինվորականությունն է, որն ամեն անգամ միջամտում է երկրի քաղաքական կյանքին և ռազմական հեղաշրջում է իրականացնում սկզբունքերից որևէ մեկի խախտման դեպքում: Քանի որ 2002 թ.-ին իշխանության եկած ԱԶԿ-ն իր բնույթով իսլամական էր, հետևաբար` երկրում պայքար սկսվեց իսլամիստների և աշխարհիկների` այսինքն զինվորականների միջև:

Չնայած ԱԶԿ տարբեր ներկայացուցիչներ իրենց ելույթներում մշտապես հայտարարում էին այն մասին, որ կուսակցությունն իսլամական չէ և նպատակ չունի երկրում ուժեղացնել իսլամի գործոնը, սակայն հենց նույն այդ գործիչները շատ հաճախ իրենց արարքներով ապացուցում էին հակառակը:  2007 թվականին երկրում ընդունվում է օրենք` համալսարաններում հիջաբ (իսլամական գլխաշոր) կրելու արգելքը վերացնելու մասին: Սա մեծ դժգոհություն է առաջացնում աշխարհիկների շրջանում և գործը հասնում է նրան, որ Թուրքիայի գլխավոր դատախազը հայց է ներկայացնում Սահմանադրական դատարան` կուսակցության գործունեությունն արգելելու պահանջով: Թեպետ կուսակցությանը հաջողվում է տուգանք վճարելով ազատվել պատժից, սակայն սա ազդանշան է դառնում , որպեսզի կուսակցությունն ավելի ինտենսիվորեն վերսկսի պայքարը զինվորականության դեմ:

Երկրի մայր օրենքում  մի շարք դրույթների փոփոխության արդյունքում ԱԶԿ-ն կարողացավ ապահովագրել իրեն Թուրքիայում մեծ դեր ու նշանակություն ունեցող Ազգային անվտանգության խորհրդից(ԱԱԽ), և եթե նախկինում այստեղ մեծ թիվ էին կազմում զինվորականները, ապա այժմ ԱԱԽ-ում գերակշիռ մեծամասնություն սկսեցին կազմել իսլամիստները:

Հաջորդ հարվածը աշխարհիկներին տեղի ունեցավ նախագահական նստավայրում` Չանքայա պալատում, որտեղ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ ավանդական ճաշ էր տրվելու: Եթե նախկինում ճաշը տրվում էր երկու անգամ` նախ զինվորականների, ապա մնացած հյուրերի համար, ապա այս անգամ ավանդական ընդունելությունը տրվեց միայն մեկ անգամ` բոլորի համար: Ընդ որում գտնվեցին հյուրեր, որոնք ներկայացան գլխաշոր կրող իրենց կանանց հետ: Զինվորականությունը, այս ամենը համարելով Քեմալի հռչակած սկզբունքերի ոտնահարում, հրաժարվեց մասնակցել ընդունելությանը: Այս և նմանատիպ այլ քայլերին հետևելով` կարող ենք ասել, որ ԱԶԿ-ն երկրում իր իշխանությունն էլ ավելի ամրապնդելուն զուգահեռ սկսեց մի գործընթաց, որը Թուրքիայի քաղաքական համակարգում արմատական փոփոխությունների պատճառ հանդիսացավ:

Ավելի ուշ թուրքական իշխանությունները սկսեցին տարբեր դատական գործեր հարուցել` ձերբակալելով թուրք գեներալների և այլ բարձրաստիճան զինվորականների: Այսինքն, հերթական անգամ արդարադատության անվան տակ Էրդողանը և նրա կուսակիցները սկսեցին չեզոքացնել իրենց համար անցանկալի անձանց` տվյալ դեպքում զինվորականներին, որոնք երկրում միակ լուրջ վտանգն էին կուսակցության համարի:

Թուրքական քաղաքական իրականությունում տեղի ունեցող գործընթացները խոսում են այն մասին, որ ԱԶԿ-ականների և զինվորականության միջև սկսված պայքարը շարունակվում է` հօգուտ իսլամիստների: Երբ 2002 թվականին ԱԶԿ-ն եկավ իշխանության, ոչ ոք թերևս չէր հավատում, որ այն կկարողանա ոչ միայն պայքար սկսել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր քեմալանների դեմ, այլև այդ պայքարում հաղթանակի նժարը կթեքի իր կողմը: Թուրքական քաղաքական իրականությունում տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ Զինված ուժեր-ԱԶԿ հակամարտությունում, որը շարունակվում է արդեն տասը տարի, կուսակցությունը ոչ միայն առաջատարի դիրքերում է գտնվում, այլև պարզապես ոչնչացնում է իր հակառակորդին: Իրերի նման զարգացման պայմաններում հավանական է դառնում արդեն ոչ հեռու ապագայում թուրքական իրականությունում մի ժամանակ հզոր ուժ հանդիսացող զինվորականության խավի լիկվիդացումը: Նման քաղաքականության պայմաններում իրատեսական է դառնում նաև Ազգային անվտանգության խորհրդի նման հզոր կառույցի գործունեության դադարեցումը:

Թուրք պրոֆեսոր Օզդագը, իր «Միակուսակցական համակարգի երկրորդ շրջանը» գրքում, խոսելով ներկայիս քաղաքական վիճակի մասին, մի հետաքրքիեր եզրահանգում է արել` ասելով. «ԱԶԿ-ն կարծես ձևավորում  է ոչ թե նոր կառավարություն, այլ հիմնովին նոր պետություն»: Թուրք պրոֆեսորի այս եզրահանգումն ամփոփում է ԱԶԿ-ի 10-ամյա իշխանությունն ու գրանցում դրա հիմնական և կարևորագույն արդյունքը. Թուրքիան թևակոխում է մի նոր ժամանակաշրջան, որտեղ ի տարբերություն քեմալականների Թուրքիայի` կարևոր և առաջնահերթ են դառնում կրոնական գաղափարները և արժեքները: 1923 թ.-ին հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունը, ըստ էության, հիմնադրվում է երկրորդ անգամ 2002 թ.-ին` «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալով: Ի տարբերություն քեմալականների` Թուրքիայի ԱԶԿ-ականների Թուրքիան որդեգրում է նոր քաղաքականություն, նոր սկզբունքներ և աշխարհին ներկայանում է նոր դեմքով:

 

Արաքս Կասյան   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am