1000х90.jpg (78 KB)

Թուրքիայում սկսվել է ծպտյալ հայերի բացահայտման միտումը

Armenpress 16:35, 10 Հունիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Թուրքիայում բնակվող մահմեդականացված հայերն առանց վախի սկսում են բարձրաձայնել իրենց հայկական ծագման մասին, իսկ նրանցից ոմանք անգամ կնքվում են հայկական եկեղեցում` վերադառնալով առաքելական քրիստոնեական հավատքին: Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի վերադարձը սեփական արմատներին տեղի է ունենում երեք փուլով: Առաջին կարևոր քայլը սեփական ծագման մասին հարազատներին պատմելն է: Տարիներ շարունակ վախի մթնոլորտում ապրելով` Թուրքիայում բնակվող հայերը երկար ժամանակ վախեցել են անգամ մտերիմենրին պատմել իրենց իրական ծագման մասին: Սա պայմանավորված է եղել թուրքական հասարակությունում երկար տարիներ գոյություն ունեցած հակահայկական տրամադրություններով, որոնք չեն դադարել նաև ժամանակակից Թուրքիայում: Այդուհանդերձ ներկայում նկատվում է կրիպտո-հայերի` սեփական ծագման մասին բարձրաձայնելու համարձակության միտում, ինչը գովելի փաստ կարող ենք համարել, եթե հաշվի առնենք թուրքական հասրակության և մասնավորապես քաղաքական շրջանակների վերաբերմունքը հայերի նկատմամբ: Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերը երկրորդ կարևոր քայլը կատարում են` թուրքական ԶԼՄ-ներում բարձրաձայնելով իրենց հայկական ծագման մասին` անտեսելով հետագա հնարավոր բարդությունները, որոնք կարող են հետապնդել իրենց: Եվ վերջապես ծպտյալ հայերը սեփական արմատներին վերադարձն ամփոփում են պահանջատիրական հայտարարություններով: Վերջերս իր հայկական ծագման մասին բարձրաձայնած Ասլիհան Քարամիտճյանը, ով բռնի թուրքացվել էր 1937-38 թվականների Դերսիմի կոտորածների արդյունքում,  թուրքական իշխանություններից պահանջել է ետ վերադարձնել իր հորը պատկանող տարածքներն ու սեփականությունը և ներողություն խնդրել կատարվածի համար: Առհասարակ կարող ենք փաստել, որ վերջին 10 տարիների ընթացքում թուրքական հասարակաությունում տեղի ունեցող գործըթնացները նպաստել են ավելի մեծ թվով հայերի բացահայտմանը: Թուրքիայում հատկապես քննարկումների տեղիք են տալիս թուրքական բարձրաստիճան այրերի հայկական ծագման մասին պտտվող լուրերը: Վերջին շրջանում շատ էր խոսվում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական ծագման մասին: Շրջանառվող լուրերի համաձայն Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցության ներկայիս առաջնորդի մայրը եղել է հայ: Բնականաբար թուրք քաղաքական գործիչը անմիջապես շտապել է հերքել իր հայկական ծագմանը վերաբերող լուրերը` հաշվի չառնելով իրական փաստերը, որոնք խոսում են հակառակի մասին: Քըլըչդարօղլուի նման հակազդեցությունը բնական է և պայմանավորված նրանով, որ թուրքական քաղաքական շրջանակներում կարող են հուզումներ առաջանալ այն դեպքում, եթե պարզվի, որ համայն թուրքերի հայր հորջորջվող Աթաթուրքի հիմնադրած կուսակցությունը ղեկավարվում է հայի կողմից: Ծպտյալ հայերի թեման, լինելով բազմաբովանդակ և ծավալուն, չի վրիպել նաև ժամանակակից թուրք հեղինակների ուշադրությունից, ովքեր վերջին շրջանում իրենց ստեղծագործություններում սկսել են պատկերել բռնի կրոնափոխ եղած հայերի անցած դժվարին ուղին և ներկայիս կյանքը: Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ ժամանակակից թուրքական հասարակության մեջ ծպտյալ հայերի թեման շարունակում է լինել արդիական և քննարկվող: Չնայած թուրքական իշխանությունների վարած մերժողական քաղաքականությանը` այդուհանդերձ երկրում բռնի մահմեդականացված հայերի ի հայտ գալը ևս մեկ անգամ գալիս է փաստելու այն մասին, որ թե’ Օսմանյան կայսրությունում և թե’ նրա իրավահաջորդը համարվող Թուրքիայի Հանրապետությունում մշտապես հայերի նկատմամբ կիրառվել է բռնի ուծացման քաղաքականություն, որը շարունակաբար փորձ է արվել թաքցնել: Նմանատիպ քաղաքականության շարունակության պայմաններում հարց է առաջանում` արդյոք Թուրքիան կարող է համարվել առաջադեմ երկիր, որը պատրաստ է աշխարհին ներկայանալ նոր դեմքով:Արաքս Կասյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am