Ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրովի

Armenpress 13:55, 29 Դեկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր երկրներում Ամանորը նշվում է յուրովի, սակայն նրանց ընդհանրացնում է այն, որ բոլոր մարդիկ Նոր տարին դիմավորում են նոր հույսերով ու սպասելիքներով, ցանկություններ են պահում, նվերներ մատուցում, իսկ երեխաները սպասում են Ձմեռ Պապին, որին ամեն ժողովուրդ տարբեր անուններ է տալիս:                                              

Հին հայերի նավասարդյան Ամանորը նշվել է օգոստոսի 11-ին: Այն XII դարում ընդունել է տոմարագետ Հովհ. Սարկավագը: Հայկական ավանդական Ամանորը յոթնօրյա բացօթյա տոնակատարությամբ նշվել է Նպատ լեռան ստորոտում` արքունիքի, աշխարհազորի ներկայությամբ: Տոնի գլխավոր ծիսական արարողությունը լեռան գագաթին մեկամյա կենդանու զոհաբերությունն էր (հիմնականում՝ եղջերու) եւ ծիսական կերակուր եփելը (զոհաբերած կենդանու մսով հարիսա): Հեթանոս հայերի ամանորյա այս տոնակատարությունը շարունակվել է նաեւ քրիստոնեության վաղ շրջանում:                     Բուլղարիայում ավանդույթի համաձայն` Նոր տարին դիմավորում են տանը: Տոնակատարության սկզբում տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ եւ երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է ժամը 00:00-ին հնչող ղողանջներից հետո, երբ տանտիրուհին սկսում է կտրատել ամանորյա անակնկալ-կարկանդակը: Եթե մեկին կարկանդակի միջից բաժին է հասնում մետաղադրամ, դա նշանակում է, որ այն կբերի հարստություն, իսկ չամուսնացածներին բաժին ընկած վարդի ճյուղը` սեր:

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա, որի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքցված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որեւէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել չի լինի:                                                                                                                              Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ին (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով եւ բացատրելով, թե ինչ են ցանկանում: Նամակն այնուհետեւ գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը:

Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլեւ նոր հագուկապով: Սակայն իտալական հին ավանդույթն այլ է. դեկտեմբերի 31-ին տղամարդիկ եւ կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ: Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապի կնոջից` Լա Բեֆանայից:       Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Ամանորի ճաշկերույթի ամենակարեւոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթ:      Հյուսիսային Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով: Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները եւ փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են եւ սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղին` նվերը ստանալու համար:                                              Ճապոնիայում, ըստ ավանդույթի, Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով, որի տարին է լինելու: Սակայն ճապոնական տան հիմնական զարդարանքը «կադոմացու»-ն է (ելքի մոտի սոճի): «Կադոմացու»-ն յուրօրինակ ողջույն է Նոր տարվա սրբին: Սովորաբար այն պատրաստում են սոճուց, բամբուկից եւ բրնձի հյուսված ցողուններից:                                                                

Ծննդյան օրերին Չինաստանում հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի ծառեր: Դա տոնածառի նախատիպն է: Լույսի ծառերը զարդարվում են արեւելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով եւ ծաղկաշղթաներով: Նույն ձեւով զարդարվում են նաեւ տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը` Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները:                                                                         Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով`«ՙԿա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ:                   

Ամերիկայում ուշադրություն է դարձվում ոչ միայն նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ` չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Էստոնիայում, ինչպես նաեւ Ավստրիայում եւ Շոտլանդիայում, նոր տարում երջանկություն կբերի փողոցում հանդիպած ծխնելույզ մաքրողը, որը պարտադիր ձեռքին պետք է ունենա աշխատանքի համար անհրաժեշտ իրերը: Շոտլանդիայում նաեւ Ամանորի գիշերը գնում են հարեւան-բարեկամների տուն՝ նախապես վերցնելով մի կտոր քաղցրաբլիթ, մեկ գավաթ գինի եւ մի փոքրիկ կտոր ածուխ: Շոտլանդացիների տեսանկյունից դա ամենալավ ձեւն է ամբողջ տարվա համար ապահովելու սննդամթերք, խմիչք եւ տաքություն:                                                    

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի` Ձմեռ Պապի կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը, բոլորը սկսում են շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենը` նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում է Նոր տարին մուտք  գործում Շվեդիա:                                                                               

Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոն Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին եւ խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորի դիմավորումը ուրախ տան է: Ռոն Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր եւ խնձոր: Խնձորի կտորները թաթախում են մեղրի մեջ եւ ուտում:     Տոնի նախօրեին Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա եւ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է եւ հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ` այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու, խաղող ուտելու: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ, որից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա ամիսը. եթե հասցնում են ուտել բոլոր 12-ը, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաեւ նրանց վրա, ով Նոր տարին դիմավորում է տանը: Խաղողի հատիկները դրվում են բոլոր ափսեների մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am